Ամերիկացի կենսաբանները նկարագրել են վեցերորդ բնաջնջման ընթացքը, որը, փորձագետների կարծիքով, Երկրագնդի վրա կարող է սկսվել: Այս հարցին նվիրված հետազոտությունը հրապարակվել է Science ամսագրում, իսկ տեսանյութը հասանելի է Սթենֆորդի համալսարանի կայքում:

Ծովային էկոհամակարգերի օրինակով հետազոտողները կանխատեսել են այն օրգանիզմների առանձնահատկությունները, որոնք կդառնան բնաջնջման առաջին զոհերը: Դրանց թվում են օվկիանոսների ամենախոշոր բնակիչները: Կենդանու զանգվածի տասնապատիկ մեծացումը 13 եւ ավելի անգամով մեծացնում է տեսակի անհետացաման հավանականությունը: Կենդանիների հնարավոր անհետացման գլխավոր պատճառը, կենսաբանների կարծիքով, մարդկային գործոնն է:

Գիտնականների խոսքով՝ մարդն իր նպատակների համար հիմնականում խոշոր կենդանիներին է օգտագործում: Դրանց թվաքանակի նվազմանը զուգահեռ՝ մարդն անցնում է ավելի փոքր չափերի տեսակների ոչնչացմանը: Կենսաբանները նշում են, որ դեռեւս ուշ չէ վեցերորդ բնաջնջումը կասեցնելը:

Վերջին 440 միլիոն տարվա ընթացքում Երկրագնդի վրա տեղի է ունեցել հինգ զանգվածային բնաջնջում (բացառությամբ էոցեն-օլիգոցեն դարաշրջանների): Այդ ժամանակահատվածում տեսակների թվաքանակը կրճատվել է մինչեւ 90 տոկոսով: