Պետական եկամուտների կոմիտեի պատվիրակությունը սեպտեմբերի 14-15-ը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 64-րդ նիստին։

ՊԵԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ այն անցկացվել է Մինսկում, որտեղ պատվիրակությունների ղեկավարներին ընդունել է Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Հայաստանի պատվիրակությունը գլխավորել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Արթուր Աֆրիկյանը։ Բելառուսի նախագահի հետ հանդիպմանը կարեւորվել է ապրանքաշրջանառության ծավալների մեծացման, ինչպես նաեւ սահմանային անվտանգության ապահովման գործում մաքսային ծառայությունների միջեւ համագործակցության ընդլայնումը:

ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում մաքսային գործի տարբեր ոլորտների վերաբերյալ 13 որոշում է ստորագրվել։ Դրանք առնչվում են ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային մարմինների տեղեկատվական համակարգերի եւ ռեսուրսների անվտանգությանը, ապրանքների նկարագրման ու ծածկագրման ներդաշնակ համակարգի ռուսալեզու տարբերակին, արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկում փոփոխություններ կատարելուն, ինչպես նաեւ մաքսանենգության դեմ պայքարի համար պատասխանատու ստորաբաժանումների միջեւ օպերատիվ տեղեկատվության փոխանակմանը:

Մեկ տարի ժամկետով ԱՊՀ անդամ պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նախագահ է ընտրվել Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինը։