Սեպտեմբերի 18-ին անցած ընտրություններում ավելի քան 25 մլն մարդ, նախնական տվյալներով, իր ձայնը տվել է «Եդինայա Ռոսիյա» կուսակցությանը, այս մասին հայտնել է ՌԴ ԿԸՀ ղեկավար Էլլա Պամֆիլովան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Նա նշել է, որ արդեն մշակվել է քվեաթերթիկների ավելի քան 93 տոկոսը, ինչը թույլ է տալիս ամփոփել ընտրությունների նախնական արդյունքները:
Ըստ ԿԸՀ պաշտոնական տվյալների՝ քվեաթերթիկների ավելի քան 93 տոկոսի հաշվարկից հետո «Եդինայա Ռոսիյան» Պետդումայի ընտրություններին հավաքել է ձայների 54.28 տոկոսը, ՌԴ Կոմկուսը՝ 13.45 տոկոսը, Լիբեր-դեմոկրատական կուսակցությունը՝ 13.24, «Արդարացի Ռուսաստան» կուսակցությունը՝ 6.17 տոկոսը :
Քվեաթերթիկների 93.1 տոկոսի հաշվարկի արդյունքներով «Եդինայա Ռոսիյան» Պետդումայում 343 մանդատով սահմանադրական մեծամասնություն է ստանում:
ՌԴ Կոմկուսը այս պահի դրությամբ ստանում է 42 մանդատ, Լիբերալ- դեմոկրատական կուսակցությունը՝ 39, «Արդարացի Ռուսաստանը»՝ 23 մանդատ: Մյուս կուսակցությունները քվեների 93 տոկոսի հաշվարկի արդյունքներով չեն հաղթահարում Պետդումա մտնելու համար անհրաժեշտ 5 տոկոսի շեմը:
2011-ի ընտրություններին «Եդինայա Ռոսիյան» ստացել էր 238 մանդատ, Կոմկուսը՝ 92, «Արդարացի Ռուսաստանը»՝ 64 ու Լիբերալ դեմոկրատական կուսակցությունը՝ 56:
Մանդատների երկու երրորդը, այսինքն ավելի քան 300-ը, սահմանադրական մեծամասնություն է, որը թույլ է տալիս կուսակցությանը սեփական ուժերով փոփոխություններ անել սահմանադրության մի քանի գլուխներում ու հաղթահարել նախագահական վետոն: Հինգերորդ Դումայում ԵՌ կուսակցությունը՝ 315 մանդատով սահմանադրական մեծամասնություն ուներ, իսկ վեցերորդ Դումայում «Եդինայա Ռոսիյա» խմբակցությունը ընդամենը 238 պատգամավոր ուներ:




























