Հայաստանի մասին Ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի այս տարվա զեկույցում լուսաբանված մի շարք ոլորտներում առաջընթաց է արձանագրվել նախորդ զեկույցի (2010-ին) համեմատ:

Ըստ այդմ, Հայաստանի իշխանությունները մեկնարկել են Քրեական օրենսգրքի վերանայման գործընթաց, որտեղ ուշադրությունը կսեւեռվի ատելության հիմքով կատարված հանցագործությունների քրեականացման վերաբերյալ դրույթների փոփոխմանը: Իշխանությունները ձեռնամուխ են եղել համապարփակ խտրականության դեմ օրենսդրության մշակման գործին։

Ինտեգրման ոլորտում Հայաստանը միջոցներ է ձեռնարկել Սիրիայից մարդկանց մեծ ներհոսքի ինտեգրման ուղղությամբ։ Օրինակ՝ իշխանությունները բացել են ինտեգրման կենտրոն։

Զեկույցում նշվել է, որ ՀՀ իշխանություններն էականորեն ավելացրել են էթնիկական փոքրամասնություններին տրամադրվող ֆինանսական աջակցությունը։

ՌԱԵՀ-ը ողջունում է այս դրական զարգացումները Հայաստանում, սակայն որոշ հարցեր դեռեւս շարունակում են մտահոգության տեղիք տալ։ Մասնավորապես, դատարանները չունեն միջազգային չափանիշների կիրառման փորձառություն, ռասայական խտրականության դեպքերում ապացուցման բեռի բաշխման համար նախատեսված որեւէ մեխանիզմի բացակայությունը դժվարացնում է ապացույցների հաստատումը։

ՌԱԵՀ-ը նշում է ատելություն սերմանող խոսքի աճը, որը հանգեցնում է բռնության գործողությունների։ Դրա հիմնական թիրախներն են ԼԳԲՏ համայնքի անդամները եւ ոչ ավանդական կրոնական խմբերի անդամները։ Այս իրավիճակն է՛լ ավելի անհանգստացնող է՝ հաշվի առնելով ռասիստական եւ հոմոֆոբիայի/տրանսֆոբիայի հողի վրա կատարված հանցագործությունների մասին հաղորդումներ չտալու բարձր մակարդակը:

Բացի այդ, քաղաքական դիսկուրսը հաճախ պարունակում է այս խոցելի խմբերի հանդեպ խարանող բնույթի հայտարարություններ, ինչը նպաստում է բնակչության շրջանում ռասիստական եւ անհանդուրժող վերաբերմունքի պարզունակացմանը։ Այս հարցի առնչությամբ ՌԱԵՀ-ն ափսոսանք է հայտնում, որ իշխանությունների կամ քաղաքական առաջնորդների կողմից բացակայում է 2012թ. մայիսին Երեւանում համասեռականների ակումբի հրկիզմանը հետեւած հոմոֆոբ/տրանսֆոբ բնույթի հայտարարությունների ցանկացած դատապարտում։

Սույն զեկույցում ՌԱԵՀ-ը կոչ է անում իշխանություններին լրացուցիչ միջոցներ ձեռնարկել մի շարք ոլորտներում:

Մասնավորապես, ատելության հողի վրա հանցագործությունների դեմ պայքարում իշխանությունները պետք է քրեական օրենսդրությունը համապատասխանեցնեն Ընդհանուր քաղաքականության թիվ 7 հանձնարարականին: Արգելված հիմքերի ցանկին պետք է ավելացվեն սեռական կողմնորոշումը եւ գենդերային ինքնությունը։

Պետք է ավելացվի մի դրույթ, որն ուղղակիորեն կամրագրի, որ հոմոֆոբ/տրանսֆոբ շարժառիթը ծանրացուցիչ հանգամանք է բոլոր սովորական հանցագործությունների դեպքում։

Իշխանությունները պետք է ընդունեն խտրականության դեմ համապարփակ օրենք: Ատելության հողի վրա կատարված հանցագործությունների դեմ պայքարելու կարողությունը կխթանվի անկախ մեխանիզմի ստեղծմամբ, որը պատասխանատու կլինի ոստիկանության դեմ բերված բոլոր տեսակի բողոքների քննության համար։ Անհրաժեշտ է նաեւ լրատվական էթիկայի կանոնագիրք, որը կներառի ռասիստական եւ հոմոֆոբ/տրանսֆոբ բնույթի ատելություն սերմանող խոսքի դեմ հստակ դրույթներ։ Խորհրդարանում վարքագծի կանոնների կիրառումը պետք է պատիժ նախատեսի խորհրդարանականների կողմից ռասիստական եւ հոմոֆոբ/տրանսֆոբ բնույթի ատելություն սերմանող խոսքի համար։ Իշխանությունները պետք է հետաքննություններ եւ հետապնդումներ նախաձեռնեն ԼԳԲՏ անձանց նկատմամբ բռնության կամ ատելության հրահրման կամ սպառնալիքների բոլոր դեպքերում։

Հայաստանի իշխանությունները պետք է ատելություն սերմանող խոսքը եւ հոմոֆոբիայի/տրանսֆոբիայի հողի վրա կատարված բռնությունները դատապարտող հրապարակային հայտարարություն անեն։ Ինտեգրման ոլորտում իշխանությունները պետք է մշակեն ազգային ռազմավարություն եւ ստեղծեն հավասարության տվյալների հավաքագրման եւ հավասարության վիճակագրության մշակման համակարգ։