Գյումրիում անցկացված ավագանու անդամների ընտրությունների նախնական արդյունքներով՝ «Բալասանյան» դաշինքը ստացել է քաղաքի ներկայացուցչական մարմնի մանդատների ավելի քան 40%-ը: Եվ այս դեպքում, ՀՀ Ընտրական օրենսգրքի 141 հոդվածի 5-րդ կետի համաձայն, այսպես կոչված, բոնուսի հաշվին դաշինքին 17 մանդատ է տրվում՝ բացարձակ մեծամասնություն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ մեկնաբանելով Գյումրիի ավագանիում մանդատների տեղաբաշխման շուրջ հասարակության շրջանում եւ լրատվամիջոցներում հնչող տարբեր խոսակցությունները:

Ընտրությունների արդյունքների ամփոփման առաջին փուլում, ըստ Տիգրան Մուկուչյանի, մասնակիցների հավաքած ձայների թվին համապատասխան սահմանվում են այն քաղաքական կուսակցությունները կամ դաշինքները, որոնք հաղթահարել են, համապատասխանաբար, 6% կամ 8%-ի արգելքը:

«Այսինքն՝ առաջին փուլում ձայների հաշվարկ է իրականացվում, եւ սահմանվում է այն ուժերի ցուցակը, որը հաղթահարել է 6%-ի արգելքը: Օրենքի համաձայն՝ Գյումրիի Ավագանին 33 մանդատ ունի: Դրանից հետո արդեն սկսվում է մանդատների բաշխման գործընթացը: Նախ համամասնության սկզբունքով մանդատները բաշխվում են այն կուսակցությունների միջեւ, որոնք հաղթահարել են արգելքը»,- պարզաբանեց Մուկուչյանը:

Եթե այդ բաշխումից, ինչպես նաեւ անցողիկ շեմը չհաղթահարած ուժերի մանդատների հավելումից հետո որեւէ կուսակցություն կամ դաշինք ստանում է մանդատների ընդհանուր թվի ավելի քան 40%-ը, բայց ոչ բացարձակ մեծամասնություն, ապա նրան լրացուցիչ մանդատներ են տրամադրվում՝ մինչեւ բացարձակ մեծամասնության ապահովում: Մնացյալ մանդատներն արդեն համամասնության սկզբունքով բաժանվում են մյուս կուսակցությունների միջեւ:

Իսկ Վանաձորում, Մուկուչյանի խոսքով, որեւէ կուսակցություն չի կարողացել ստանալ ավագանու անդամների ընդհանուր թվի ավելի քան 40%-ը: «Այդ պատճառով նրանց միջեւ մանդատների համամասնական բաշխում է կատարվել»,- հավելեց ԿԸՀ ղեկավարը: