Պաշտոնական տվյալներով՝ ընթացիկ տարվա օգոստոսին մայրաքաղաքում բնակարանների առքուվաճառքի գործարքների թիվը տարեկան կտրվածքով աճել է 11%-ով: Այսինքն՝ գնողական պահանջարկն ակտիվացել է:

Միաժամանակ, շատերը կասկածում են՝ պնդելով հակառակի մասին: Օրինակ՝ նման կարծիք է հայտնել մայրաքաղաքային բրոքերներից մեկը, որի խոսքով՝ բնակարան գնողների թիվը ներկայում ավելի քիչ է, քան նախորդ տարի:

Մասնագետի եւ պաշտոնական տվյալների վկայությունների միջեւ հակասությունը բացատրելի է: Հայտնի է, որ տարիներ շարունակ պետությունը բնակչության առանձին սոցիալական խմբերին բնակարանով ապահովելու ծրագրեր է իրականացնում: Ընդ որում՝ տարեցտարի գնորդների համար պայմանները բարելավվում են: Ասենք՝ ընթացիկ տարում «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագրող արտոնությունները փոխվել են՝ հօգուտ գնորդների:

Միանգամայն հնարավոր է, որ այս գործոնը խթանում է այս խմբի քաղաքացիների պահանջարկը: Նկատենք, որ մայրաքաղաքում նման ծրագրերը, որպես կանոն, սահմանափակվում են ծայրամասերում (ասենք՝ Ավան վարչական շրջանում) նորակառույցներով: Հասկանալի է, որ ծրագրերի մասնակիցներն արդեն միջնորդ բրոքերներին չեն դիմում:

Նույն պաշտոնական տվյալների համաձայն՝ մեկ տարվա ընթացքում մայրաքաղաքում բնակարանների 1 քառակուսի մետրի շուկայական արժեքն աննշան աճել է. 0.06%-ով՝ Կենտրոն վարչական շրջանում, 0.4%-ով՝ Նոր Նորքում եւ Նուբարաշենում: Միաժամանակ, նույն փորձագետի խոսքով, լուրջ անկում կա «դոլարային» գներում: Ասենք, եթե մայրաքաղաքի կենտրոնում մեկ սենյականոց բնակարանի գինը ոչ վաղ անցյալում 70 հազար դոլար էր, ապա հիմա շուրջ 50 հազար դոլար է:

Բանն այն է, որ Հայաստանում այդ ժամանակահատվածում ԱՄՆ դոլարը 1.3 անգամ ամրապնդել է դիրքերը: Այդ պատճառով, չնայած դրամով պաշտոնական գներում որոշակի աճին, դոլարային արտահայտությամբ բնակարանները զգալիորեն էժանացել են: Ամեն դեպքում՝ նման հետեւություն կարելի է անել պաշտոնական տվյալներից ելնելով:  

Սմբատ Գրիգորյան