2014-16 թվականներին Հայաստանի արտաքին պարտքն աճել է 900 մլն դոլարով: Այս մասին հոկտեմբերի 4-ին Ֆինանսների նախարարությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտարարել է նոր նախարար Վարդան Արամյանը:
Պետությունը մեծացրել է բյուջեի պակասուրդը եւ նոր պարտք է ներգրավել, որպեսզի արտաքին ցնցումներին դիմակայի: Դրանցից մեկը մետաղների համաշխարհային գների անկումն է, մյուսը՝ Ռուսաստանի տնտեսական դժվարությունները եւ ռուբլու արժեզրկումը:
Եթե 2013-ին պղինձը համաշխարհային բորսաներում արժեր միջինում տոննայի դիմաց մո 6 հազար դոլար, ապա 2015-ին՝ միայն 5,5 հազար դոլարի կարգի (իսկ հիմա արժե 4830 դոլար – խմբ.): Մյուս մետաղների գնանկում էլ է եղել: Իսկ լեռնահանքային արտադրանքը կազմում է Հայաստանի արտահանման գրեթե 50 տոկոսը, հիշեցրել է նախարարը:
Իսկ Ռուսաստանի դժվարությունները եւ ռուբլու արժեզրկումը հանգեցրել են տրանսֆերտների եւ արտահանվող հայկական ապրանքներից ստացվող շահույթի կրճատման:
Ինչ վերաբերում է տրանսֆերտներին, ապա 2 տարվա ընթացքում՝ 2014-15 թվականներին, դրանք կրճատվել են 700 մլն դոլարով, իսկ 2016 թվականին սպասվում է եւս 140 մլն դոլարի կրճատում:
Արժույթի ներհոսքի կրճատմանը եւ պահանջարկի փոքրացմանը հակազդելու համար պետությունը մեծացրել է ծախսերը: 2015-ին դա հանգեցրեց բյուջեի 4,8 տոկոս պակասուրդի, իսկ 2016-ին ակնկալվում է 5,9 – 6 տոկոս:
Գրեթե 900 մլն դոլարը չմարած՝ կառավարությունը այն համալրել է պարտքի նույնպիսի ծավալով: Բայց եթե այն չլիներ, ապա տնտեսական զրոյական աճ կլիներ կամ նույնիսկ բացասական, պարզաբանել է նա:





























