ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ ավարտվել է Սարի թաղում «Ազատություն» ռ/կ-ի լրագրողի աշխատանքը խոչընդոտած անձի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից։
2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երեւան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացված քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ քաղաքացի Տիգրան Ահարոնյանը խոչընդոտել է «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Հովհաննես Մովսիսյանի մասնագիտական օրինական գործունեությունը:
Կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2016 թվականի հուլիսի 29-ին՝ ժամը 22:00-ի սահմանում, Երեւան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ժամանակ Տիգրան Ահարոնյանը նկատել է լրագրողական անվանաքարտ (բեյջ) կրող եւ իրադարձությունները տեսանկարահանող լրագրող Հովհաննես Մովսիսյանին, կարծել է, թե լրագրողը տեսանկարահանում է իրեն, եւ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու դիտավորությամբ, վիճաբանել է նրա հետ, ապա ձեռքերով հարվածներ հասցնելով ծեծի է ենթարկել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այնուհետև Տիգրան Ահարոնյանը լրագրողից խլել է անվանաքարտը (բեյջ) ու դեպքի վայրից դիմել է փախուստի:
Այս կերպ՝ Տիգրան Ահարոնյանը խոչընդոտել է լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը:
Հիշյալ հանցավոր արարքը կատարելու համար Տիգրան Ահարոնյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործից անջատված մասի՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտած անձի վերաբերյալ գործի նախաքննությունը: Քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:




























