«Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից այլ քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելու մասին որոշում է կայացվել։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Սեդրակ Նազարյանի պաշտպաններ Երվանդ Վարոսյանի եւ Լուսինե Սահակյանի համատեղ հայտարարությունից:
«Նման որոշման հիմք է հանդիսացել ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության բժիշկների եզրակացությունը։
Սեդրակ Նազարյանի հետ հանդիպումների ընթացքում համոզվել ենք, որ նրա ապաքինվելու, դատապարտյալների հիվանդանոց քրեակատարողական հիմնարկից դուրս գրվելու համար հիմքերի առկայության մասին եզրակացությունն առնվազն անհիմն է։ Ակնհայտ է, որ նման ծանր հրազենային վնասված ստացած, վիրահատված, մինչ օրս բազմաթիվ գանգատներ ունեցող անձը պետք է պահվեր քաղաքացիական բժշկական հաստատությունում, բայց փոխարենը սովորական քրեակատարողական հիմնարկ տեղափոխելու մասին որոշում է կայացվել։ Ուստի այս պահին այլ քրեակատարողական հիմնարկ նրա տեղափոխումը ոչ այլ ինչ է, քան անմարդկային վերաբերմունք»,-նշված է հայտարարությունում:
Նշենք, որ Սեդրակ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից), 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից):




























