Սարի թաղի գործով մեղադրյալ, միեւնույն ժամանակ տուժող Գարիկ Առուստամյանի գործով ստացվել են դատաբժշկական փորձաքննությունների արդյունքները, հաստատվել է, որ թե նա, թե նրա քույրը վնասվածքներ են ստացել: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա պաշտպան Զորայր Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Գարիկ Առուստամյանը մեկ ամիս կալանքի տակ մնալուց հետո օգոստոսի 26-ին Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել:

Արարատի մարզի Նիզամի գյուղում բնակվող Գարիկը, պատմել է, որ ընկերոջ հետ գնացել էր Սարի թաղ՝ քրոջը տուն բերելու, երբ հայտնվել էր իրադարձությունների կենտրոնում: Ըստ նրա` ոստիկաններն իրենց թույլ չեն տվել մեքենայով դուրս գալ Սարի թաղից, դուրս են բերել մեքենայի միջից, ծեծի ենթարկել թե իրենց երկուսին, թե քրոջը: Դեպքից հետո Գարիկը երկու օր անցկացրել էր վերակենդանացման բաժանմունքում, ապա կալանավորվել:

Գարիկ Առուստամյանին մեղադրանք էր առաջադրել Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ զանգվածային անկարգությունների ժամանակ դրանց մասնակցի կողմից բռնություն գործադրելը, ջարդ կամ հրկիզում իրականացնելը, գույք ոչնչացնելը կամ վնասելը, պատժվում է ազատազրկմամբ` երեքից ութ տարի ժամկետով:

Գարիկը պնդում է, որ պատահաբար ավտոմեքենայով ոստիկաններից մեկի ոտքն է վնասել, բայց վնասվածքն այնքան թեթեւ է եղել, որ ոստիկանները ամբուլատոր բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել:

Գարիկը միեւնույն ժամանակ ճանաչվել է տուժող, գործը քննում է ՀՔԾ-ն: