Եվրոպական միությունը ուշադիր հետեւում է հուլիսյան իրադարձությունների հետեւանքով առաջացած գործընթացներին՝ այդ թվում  անազատության մեջ հայտնված մարդկանց գործերի ընթացքին եւ այդ հարցով քննարկումներ ունենում Մարդու իրավունքների պաշտպանի հետ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԵՄՊ գրասենյակի քաղաքական, տնտեսական մամուլի եւ տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցը:

«Մենք հուլիսին հետեւել են ՊՊԾ գնդի տարածքի գործողություններին եւ պաշտոնական կարծիք հայտնել ենք՝ ընդգծելով, որ քաղաքական փոփությունների հասնելու համար ուժի օգտագործումն անընդունելի է: Միեւնույն ժամանակ մենք մեր մտահոգությունն ենք հայտնել նաեւ ցուցարարների նկատմամբ ուժի գործադրման կապակցությամբ եւ խրախուսել ենք այդ մասով հետաքննություն անցկացնելուն: Հիմա կարեւոր է այն, որ Հայաստանը միջազգային եւ տեղական մակարդակով հանձն է առել արդար դատավարություն անցկացնել»,- ասաց նա:

Դիրկ Լորենցը նշեց, որ Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ հարցերը իրենք քննարկում են հատուկ ֆորմատով՝ տարին մեկ անգամ եւ հերթական քննարկումների թեմաներից մեկն էլ կլինեն հուլիսյան իրադարձությունները:

«Մենք քննարկում ենք բոլոր մտահոգությունները: Վստահաբար, այդ շրջանակում կունենանք քննարկումներ հուլիսյան եւ դրանց հաջորդող իրադարձությունների վերաբերյալ»,- ասաց նա:

ԵՄՊ գրասենյակի մամուլի բաժնի ղեկավարը նշեց նաեւ, որ ՏՒՄ ընտրությունների վերաբերյալ նույնպես իրենց վերջնական կարծիք կհայտնեն այդ քննարկումից հետո, երբ պատրաստ կլինեն հետաքննությունների արդյունքները:

Նշենք, որ այսօր Երեւանում ներկայացվեցին Եվրոպայի խորհրդի (ԵԽ) եւ Եվրոպական միության (ԵՄ) կողմից Արևելյան գործընկերության երկրների, մասնավորապես՝ Հայաստանի համար նախատեսված ծրագրերի միջնաժամկետ արդյունքները:

 2015-2017 թթ. Ծրագրային համագործակցության կառուցակարգի սահմանում Հայաստանում իրականացվում են չորս ծրագրեր. երկրում ընտրական գործընթացների բարելավում, վատ վերաբերմունքի եւ անպատժելիության դեմ պայքար, հայաստանյան բանտերում առողջապահության եւ մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդում, ինչպես նաեւ Հայաստանում բարձրագույն կթության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքար:

Ծրագրերը ֆինանսավորվում են ԵՄ-ի եւ Եվրոպայի խորհրդի կողմից եւ իրականացվում են Եվրոպայի խորհրդի կողմից: Ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմում է 2.2 մլն եվրո:

Լուսանկարներն՝ Արսեն Սարգսյան\NEWS.am