ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատմել է, որ իր կրտսեր դուստրը՝ Սաշան, Snapchat մեսենջերում ծաղրել է իրեն, հայտնում է BBC–ն։

Օբամայի խոսքով 15-ամյա Սաշան ձայնագրել էր ընտանեկան ընթրիքի շուրջ իր խոսակցությունը ու ձայնագրությունն ուղարկել իր ընկերներին բջջային հավելվածով։ Բանն այն է, որ ընթրիքի ժամանակ Օբաման խնդրել էր դստերը բացատրել, թե ինչն է դեռահասների շրջանում Snapchat բջջային հավելվածի պոպուլյարության պատճառը։ Իսկ դստեր բացատրությունը լսելուց հետո նախագահը սկսել էր կնոջ հետ քննարկել սոցցանցերի նշանակությունն ու դրանց գործածման հետեւանքները։

«Իսկ հետո ես պարզեցի, որ այդ ամբողջ ընթացքում դուստրս ձայնագրում էր իմ ասածները ու ձայնագրությունն ուղարկել էր իր ընկերներին՝ գրելով «Սա իմ հայրիկն է, մեզ դասախոսություն է կարդում սոցմեդիայի նշանակության մասին»։

Չնայած ըստ Snapchat-ում բոլոր ուղարկված հաղորդագրությյունները կարճ ժամանակ հետո ջնջվում են օգտատերերի սարքերից, բայց դրանք չեն ջնջվում Snapchat–ի սերվերից, ու հավելվածի սահմանափակումները շրջանցելու բազմաթիվ հնարավորություններ կան։