Ամբողջ աշխարհից շուրջ 14 մլն մարդ է մասնակցում «Diversity Immigrant Visa» ծրագրին, որն ավելի հայտնի է որպես «Green Card» վիճակախաղ, եւ միայն 0.3%-ը կարող է հաղթել: Այս մասին գրում է Quartz պարբերականը:

1994 թվականից ի վեր վիճակախաղի արդյունքում ԱՄՆ-ում մշտական բնակության 50 հազար թույլտվություն է տրվում:

Սակայն, ըստ հոդվածի հեղինակի, ԱՄՆ-ի բարդ միգրացիոն համակարգում 50 հազարը լուրջ թիվ չէ: Այսպես, անցյալ տարի ավելի քան 500 հազար մարդ, որոնց ընտանիքի անդամներն ԱՄՆ-ում են բնակվում, կեցության թույլտվություն են ստացել՝ չխոսելով արդեն երկրում ուսանելու եւ աշխատանքի թույլտվություն տրամադրող վիզաների մասին: Ծրագրի կողմնակիցները կարծում են, որ այն ԱՄՆ-ին թույլ է տալիս բազմամշակութային հանրություն մնալ: Հակառակորդներն էլ պնդում են, որ ԱՄՆ-ն առանց այն էլ չափազանց շատ միգրանտների է ընդունում:

Հոդվածագրի խոսքով՝ ծրագիրը կարող է նախապատրաստվող միգրացիոն բարեփոխման զոհ դառնալ: Ծրագիրն այդքան էլ մեծ նշանակություն չունի, որպեսզի օրենսդիրներին հնարավոր լինի մեղադրել այլատրյացության մեջ, բայց միաժամանակ նրանք կարող են ծրագրի դադարեցումը ներկայացնել որպես նշանակալի ձեռքբերում՝ ռեֆորմիստներին հանգստացնելու համար:

Նախապես ծրագիրը մշակվել էր՝ եվրոպացիներին գրավելու համար: Սակայն 1965 թվականի բարեփոխումներից հետո բոլոր երկրներին թույլ տրվեց նույն քանակությամբ թույլտվություն ստանալ: Բացառություններ նույնպես կան. որոշ երկրներ, օրինակ՝ Կանադան, Մեքսիկան, Հնդկաստանը, Նիգերիան, Մեծ Բրիտանիան եւ Չինաստանը, չեն կարող մասնակցել վիճակախաղին, քանի որ այդ երկրներից միգրանտների թիվը վերջին հինգ տարիների ընթացքում գերազանցում է 50 հազարը:

Շենգենյան գոտու ձեւավորումից հետո եվրոպացիների շրջանում վիճակախաղի հանդեպ հետաքրքրությունը նվազեց: Նույն պատճառով ավելացավ աֆրիկյան երկրներից վիճակախաղին մասնակցողների թիվը, քանի որ Եվրոպան, որը նախկինում բազմաթիվ աֆրիկացիների էր ընդունում, շենգենյան գոտու ձեւավորումից հետո ավելի փակ դարձավ:

Հոդվածում նաեւ վիճակագրություն է ներկայացվում, որի համաձայն՝ 1994-2015 թվականներին ամենաշատը վիզա շահել են աֆրիկյան երկրների քաղաքացիները (415.994), երկրորդ տեղում եվրոպացիներն են (404.618), հետո՝ ասիացիները (151.251): Լատինական Ամերիկայի ներկայացուցիչները շահել են 38.162 անգամ, Օվկիանիայի ներկայացուցիչները՝ 14.864, իսկ Հյուսիսային Ամերիկայինը՝ ընդամենը 169 անգամ: