Որոշ ժամանակ առաջ Ադրբեջանում հայտնվեց «հանճար» վիպասան, որը 23 գիրք եւ բազմաթիվ պատվածքներ էր գրել, հաջողությամբ գումար էր վաստակում Forex-ում, ծրագրավորում էր դասավանդում, ուներ սեփական ակադեմիան, որտեղ 140 մարդ է ուսանում:  Պրոֆեսիոնալ լուսանկարիչ էր: «Հրեշտակի ուղեղ» նորագույն տեսական հայեցակարգի հեղինակ, որը շարժել էր NASA-ի հետաքրքրությունը: Խոսքը Ադրբեջանի լեզուների ինստիտուտի 20-ամյա ուսանող Քյանան Ահմեդլիի մասին է: Ահմեդլին համընդհանուր ճանաչում էր գտել ադրբեջանական պարբերականներից մեկին տված հարցազրույցից հետո, հայտնում է  haqqin.az-ը:

NASA-ում պրակտիկա անցնելու համար հրավեր ստացած երիտասարդ ադրբեջանցու պատմությունը վայրկենապես տարածվեց սոցցանցերում եւ դարձավ ամենաքննարկվող թեմաներից մեկը:

Ֆեյսբքում երիտասարդ հանճարի էջը միանգամից մոտ 1000 հետեւորդ ստացավ նրա «Հրեշտակի ուղեղ» աշխատության շնորհիվ:

Ի դեպ, «Հրեշտակի ուղեղ»-ի տեսության մասին շատ քիչ բան է հայտնի: Azvision-ի հետ զրույցում Քյանանը պատմել է, որ այն հիմնված է մարդկային ուղեղի կողմից ինֆորմացիայի գիտակցաբար եւ անգիտակցաբար ընկալելու վրա:

Երիտասարդն իր գյուտն անվանել էր «Հրեշտակի ուղեղ» եւ իր իսկ խոսքով կոնցեպտը թարգմանել էր ծրագրավորման լեզվով:  Դրանից հետո նա իր աշխատանքն ուղարկել էր NASA, որտեղ դրանով հետաքրքրվել էին եւ տաղանդավոր տղային հրավիրել էին համագործակցելու: Երիտասարդ ադրբեջանցու՝ Նյու Յորք առաջիկա այցի մասին Ֆեյսբուքի պաշտոնական էջում գրել էր Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը:

Սակայն շուտով սոցցանցերի ակտիվ օգտատերերը կասկածի տակ դրեցին ադրբեջանցի  հանճարի եւ NASA-ի հետ կապված այդ պատմությունն ու սկսեցին սեփական հետաքննությունը: Դրա համար պատճառ դարձան Քյանան Ահմեդլիի տարեր հարցազրույցներում հակասական հայտարարությունները: Բլոգերների հետաքննության արդյունքում պարզվեց, որ NASA-ն պրակտիկա անցնելու ոչ մի ծրագիր չունի ոչ միայն Ադրբեջանի, այլ առհասարակ աշխարհի ցանկացած այլ երկրի ուսանողների համար: Սոցիալական ցանցերը բաժանվեցին 2 ճամբարի: Առաջինները Քյանանի մեջ հանճար էին տեսնում, իսկ երկրորդները նրան խարդախ էին համարում, որը փորձել է այդ կերպ Ադրբեջանում տարբեր կազմակերպություններից եւ պաշտոնյաներից գումար ստանալ իր պրակտիկայի ծախսերը հոգալու համար: Պետք է նշել, որ «ԱզերԹաջ»-ում եւ հեռուստաընկերություններում նրա մասին նյութեր հայտնվելուց հետո  երիտասարդի գիտական կարիերան ֆինանսավորել ցանկացողների թիվն աճել էր:

Վրդովված բլոգերները դիմել են ԱՄՆ դեսպանատուն՝ պահանջելով Facebook-ի պաշտոնական էջիկց հեռացնել Ահմեդլիին NASA հրավիրելու մասին տեղեկությունը: Դեսպանատնից հայտնել են, որ այդ տեղեկությունը ստացել են լրատվամիջոցներից, եւ այն ստուգելու համար ժամանակ է անհրաժեշտ: Որոշ ժամանակ անց ԱՄՆ դեսպանատունը ճշգրտել էր իր գրառումը՝ հայտնելով, որ NASA-ում պրակտիկայի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Դա վերջնականապես կոտրեց հանճարեղ ադրբեջանցի ուսանողի մասին առասպելը, որին հավատացել էին հազարավոր մարդիկ:

Ինքնակոչը, պարզվել է, սովորական խաբեբա է, որն օգտագործել է ադրբեջանական լրագրողների ոչ կոմպետենտ լինելը եւ հիմարացրել բոլորին: Այս պահին ուսանողի գտնվելու վայրի մասին ոչինչ հայտնի չէ, ինչպես նաեւ տեղեկություններ չկան, թե հավաքել է նա արդյոք միամիտ բարեգործների փողերը, թե ոչ: