Գյումրեցի 22-ամյա Արթուր Տոնապատյանի ականջը կտրելու մեջ մեղադրվող Արմեն Հարությունյանը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման: Նման վճիռ է կայացրել Շիրակի մարզի ըհդհանուր իրավասության դատարանը:
Դատախազը հենց 3 տարի էր պահանջել: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ամբաստանյալի պաշտպան Հայկ Հարությունյանը նշեց, որ մտադիր են բողոքարկել առաջին ատյանի կայացրած որոշումը:
Նշենք, որ տուժածի բուժման ամբողջ ծախսը հոգացել է մեղադրյալի ընտանիքը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արմեն Հարությունյանը 2016թ. փետրվարի 16-ին առավոտյան Շիրակի մարզի Առափի գյուղի վարչական տարածքում չգործող «Թաք ծառ» ռեստորանի բակի դարպասի դիմաց գտնվող հատվածում Արթուր Տոնապետյանի կողմից իր քրոջ`Եպրաքսյա Հարությունյանի բջջային հեռախոսահամարին զանգեր կատարելու աննշան պատճառով վիճաբանել է Արթուր Տոնապետյանի հետ: Վիճաբանության ժամանակ Արմեն Հարությունյանը, հաշվի չառնելով Արթուր Տոնապետյանի՝ իրենից բազմաթիվ անգամ ներողություն խնդրելու հանգամանքը, նրան ծնկի է բերել եւ գրպանից հանելով դանակ՝ այն շեղբի մասով մոտեցրել է Արթուր Տոնապետյանի կզակին, դանակով կտրել է Արթուր Տոնապետյանի աջ ականջը՝ պատճառելով աջ ականջախեցու տրավմատիկ անդամահատման եւ պարանոցի կտրած վերքի ձեւով առողջության տեւական քայքայումով միջին ծանրության վնաս:
Արմեն Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ եւ 6-րդ կետերով: Նա կալանավորված է:




























