Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու եւ զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Գագիկ Միքայելյանի պաշտպանը Վճռաբեկ դատարան է բողոքարկել Վերաքննիչի՝ Գագիկ Միքայելյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը մերժելու որոշումը:  NEWS.am-ի հետ զրույցում փաստաբան Անի Չատինյանը նշեց, որ հույս չի կապում Վճռաբեկի հետ, քանի որ գործերի 90 տոկոսից ավելին մերժվում են:

Անի Չատինյանը նշեց, որ իր պաշտպանյալն արդեն 4 ամիսց ավելի անազատության մեջ է եւ այս ընթացքում ընտանիքի անդամների հետ ոչ մի անգամ տեսակցություն չի եղել:

Գագիկ Միքայելյանն ամուսնացած է, ունի անչափահաս երեխա: Նա Երեւանի 142-րդ դպրոցում աշխատել է որպես պատմության ուսուցիչ:

Նշենք, որ Գագիկ Միքայելյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Նշենք, որ Անի Չատինյանը Վերաքննիչ դատարն բողոք էր ներկայացրել առաջին ատյանի որոշման դեմ, որը մերժել էր գրավի դիմաց իր պաշտպանյալին ազատ արձակել:

Գագիկ Միքայելյանը մեղադրվում է ոստիկանության աշխատակիցների ուղղությամբ քարեր նետելու մեջ: Ըստ փաստաբանի` իր պաշտպանյալը հուլիսին Խորենացի փողոցում մասնակցել է խաղաղ հավաքների եւ որեւիցե մեկի նկատմամբ բռնություն չի գործադրել: