Ձեզ ենք ներկայացնում նոյեմբերի կարեւոր ՏՏ իրադարձությունները:

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը Երեւանում ընթանում է «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն կինոյի եւ պատկերապատման արվեստի 8-րդ փառատոնը:

Լինելով միակը Հարավային Կովկասի նմանատիպ փառատոնների շրջանում՝ փառատոնը Արեւելքը եւ Արեւմուտքը իրար կապող մշակութային կամրջի դեր է կատարում:

Այս տարի կազմակերպիչները կրկին կազմակերպել են ուղեւորություն դեպի անիմացիայի աշխարհ եւ դիտման համար ընտրել ավելի քան 300 ֆիլմ՝ 95 երկրներից:

Փառատոնը ընթանում է «Կյանքը պատկեր է, կենդանացրու այն» կարգախոսի ներքո:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետեւյալ հղումով: 

Նոյեմբերի 2-ին  Հայաստանի Ամերիկյան Համալսարանում տեղի կունենան Կիբեռանվտանգության եւ հակա-ցանցահենության վերաբերյալ քննարկումներ տեղական եւ արտասահմանյան մասնագետների մասնակցությամբ: Կոնֆերանսի մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ ոլորտի վերջին նորություններին, վերլուծությանը եւ Հայաստանում կիբեռհարձակումներին դիմակայելու միջոցներին:

Միջոցառման բանախոսներն են Դմիտրի Բերեսնյովը (Կիբեռանվտանգության մասնագետ, Microsoft), Սամվել Մարտիրոսյանը (Ինֆորմացիոն անվտանգության փորձագետ,iDitord.org տնօրեն), Արտյոմ Սինիցինը (Անվտանգության ծրագրի մենեջեր, Microsoft), Սամվել Զաքարյանը (Մարկետինգի տնօրեն,Kaspersky Lab), Ալեքսեյ Չալաբյանը (ՏՏ կոնսուլտանտ):

Միջոցառումը տեղի կունենա ՀԱՀ-ի EPIC Center-ի 5րդ հարկի  516M սենյակում:

Նոյեմբերի 6-ին Թումո Ստեղծարար Տեխնոլոգիաների Կենտրոնում տեղի կունենա անվանի անիմատոր Գարի Բարդինի հետ հանդիպում, ով հայտնի «Летучий корабль» ֆիլմի հեղինակն է: Նոյեմբերի 6-ին Բարդինը Թումոյում կլինի, Ռոլան Բիկովի մանկապատենական ֆիլմերի փառատոնի շրջանակներում եւ կցուցադրի իր վերջին անիմացիան՝ «Լսելով Բեթհովենին»-ը ու կխոսի իր աշխատանքների մասին: Միջոցառմանը գրանցվեք այստեղ:

Նոյեմբերի 10-ին տեղի կունենա Smarter Armenia Hackathon-ը, որը կմիավորի առողջապահության, հեռահաղորդակցության եւ ֆինանսական ոլորտներում ինովացիոն լուծումներ առաջադրող թիմերին: Հեքեթոնին մասնակցող թիմերի առաջ խնդիր կդրվի սեփական մշակած լուծումներում օգտագործել IBM Bluemix հարթակն ու IBM Watson-ը՝ բոնուսային միավորներ եւ հատուկ մրցանակների արժանանալու համար:

Լավագույն տեխնոլոգիական, Լավագույն Ֆինանսական եւ Լավագույն Առողջապահական լուծումներ անվանակարգերի հաղթողները կստանան 1000-ական ԱՄՆ դոլար մրցանակ, որոնք կտրամադրվեն Rostelecom Armenia-ի, Ardshinbank-ի եւ INGO ARMENIA INSURANCE CJSC եւ  Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի կողմից:

Հատուկ մրցանակ կստանա IBM Bluemix եւ Watson-ի միջոցով  ամենաինովացիոն լուծում մշակած թիմը: Միջոցառումը կազմակերպվում է Ձեռնարկությունների Ինկուբատոր Հիմնադրամի եւ USAID Armenia  համատեղ ջանքերով:

Դիմելու համար, սեղմեք հղման վրա:

Նոյեմբերի 20-ին Google Developer Group Armenia (GDG Armenia) խումբը Երեւանում կազմակերպում է GDG DEVFEST 2016 տեխնոլոգիական ամենամյա միջոցառումը, որը տեղի կունենա ԹՈՒՄՈ Ստեղծարար Տեխնոլոգիաների կենտրոնում: Գլոբալ DevFest միջոցառման գլխավոր հովանավորն է Google ընկերությունը: Այս տարի եւս GDG DEVFEST միջոցառումը հագեցած կլինի բազմաթիվ տեխնոլոգիական պրեզենտացիաներով, որոնք կներկայացնեն ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանյան ՏՏ ընկերությունների ներկայացուցիչներ: Միջոցառման շրջանակներում ընգրկված թեմաները կունենան բազմակողմանի ուղղվածություն:

Մասնակցելու համար պետք է գրանցվել հետեւյալ հղումով: