Երեւանի Հանրապետության հրապարակում հոկտեմբերի 16-ից բերանը կարած եւ հացադուլ հայտարարած Վարդենիսի 40-ամյա բնակիչը 3 օր առաջ քանդել է բերանի կարերը եւ դադարեցրել հացադուլը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Երանոսյանը՝ նշելով, որ վերադարձել է Վարդենիս, սակայն, պատրաստվում է մի քանի օրից գալ Երեւան՝ իր բողոքի ակցիան շարունակելու համար :
«Իմ ոչ մի պահանջը դեռ չի կատարվել, ես արդեն մի քանի օր է՝ եկել եմ Վարդենիս, բայց չորեքշաբթի գալու եմ Երեւան, որ նախագահականի, այնուհետեւ՝ կառավարության դիմաց շարունակեմ ակցիաս»,-ասաց նա:
Արմեն Երանոսյանը նշեց, որ շարունակելու է հացադուլը, մինչեւ իր աշխատանքի հարցը չլուծվի:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Հանրապետության հրապարակում Վարդենիսի բնակիչը կարել է բերանը եւ հացադուլ հայտարարել: Հացադուլ հայտարարած Արմեն Երանոսյանին շուրջ մեկ ամիս առաջ հեռացրել են աշխատանքից: Նա հարբած վիճակում գնացել է աշխատավայր՝ Վարդենիսի ոսկու հանքեր, տնօրինությունը նրան այդ վիճակում նկատելով՝ աշխատանքից հեռացրել է:
Արմեն Երանոսյանը ամուսնացած չէ, նա ապրում է մոր եւ եղբոր հետ՝ սոցիալական ծանր պայմաններում:




























