Շուրջ մեկ տարի է, Լոռու մարզի Քարինջ ու Մարց բնակավայրերի բնակիչները զրկված են համայնքային ավտոբուս ունենալու հնարավորությունից: Տարիներ շարունակ այս երկու գյուղերին սպասարկել է 1 ավտոբուս:
Երթուղին սպասարկող «Միլարեն» ՍՊԸ-ն պայմանագրի ժամկետը լրանալուց առաջ է հրաժարվել գիծն սպասարկել, դա հիմնավորելով ուղեւորահոսքի նվազմամբ ու ոչ շահութաբեր լինելով: Արդյունքում գյուղացիները հայտնվել են անելանելի վիճակում: Նրանք արդարացված չեն համարում ՍՊԸ-ի պատճառաբանությունը:
«Եթե մարդը դրան նայի որպես բիզնես, կարող ա չարդարացնի դա իրան, որովհետեւ մի օրվա մեջ 5 մարդ կարա համայնքից գնա, որը որպես բիզնես չի արդարացնում իրեն: Բայց այդ հինգ մարդն էլ է հինգ մարդ»,- NEWS.am-ի հետ զրույցում ասում է մարցեցի Անահիտ Աֆիցերյանը:
Գյուղացիները հիմա ստիպված են լինում կամ տաքսիներով կապ պահպանել մարզկենտրոն Վանաձորի հետ, կամ ոտքով մի քանի կմ ճանապարհ կտրել՝ այլ գյուղերի ավտոբուսներից օգտվելու համար:
«Դաժե տրանսպորտ չկա, որ գանք Կիրովական: Ամեն անգամ իջնում ենք գյուղի տակը, նստում Լորուտի ավտոբուսը, որ հասնենք Կիրովական: Եթե հանկարծ Լորուտի ավտոբուսից ուշացանք, վերջ, ստիպված մնում ենք տաքսու հույսին»,- դժգոհում է Մելանյա Հակոբյանը:
Քարինջեցի Լենա Բաղդասարյանի կարծիքով էլ, ավտոբուսային գծի վերականգնումը առաջնային լուծում պահանջող խնդիր է:
«Ոչ ճանապարհ ունենք, ոչ տրանսպորտ ունենք քաղաքի հետ կապող, շատ դժվարությամբ ապրում ենք: Ոտքով գնում ենք, հասնում ձորը, ընդեղից էլ թե խղճով վարորդ ա պատահում, տանում է, թե ոչ՝ չէ»,- ասում է նա:




























