Տավուշի մարզի դիրքերից մեկում հոկտեմբերի 30-ին մահացած պայմանագրային զինծառայող 29-ամյա Դերենիկ Խալխալյանը նախկինում առողջական ոչ մի խնդիր չի ունեցել: Այս մասին NEWS.am-ին ասաց Հաղթանակի գյուղապետ Վահրամ Շարոյանը:
Պարզվում է, սակայն, որ պայմանագրային զինծառայողը վերջին շրջանում ցավեր է ունեցել, սակայն ուշադրություն չի դարձրել:
«Շատ «բայեւոյ» տղա էր, կյանքում առողջական խնդիրներ չի ունեցել, բայց վերջերս ցավեր է ունեցել, բայց բժշկի չի դիմել»,- ասաց գյուղապետը:
Նշենք, որ 29-ամյա զինծառայողը անչափահաս երեխա ուներ:
Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ նախնական տվյալներով՝ հոկտեմբերի 30-ին ժամը 20:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանում տեղակայված մարտական դիրքում կտրուկ վատացել է մարտական հերթապահության նշանակված պայմանագրային զինծառայող, 29-ամյա Դերենիկ Արտակի Խալխալյանի ինքնազգացողությունը:
Նոյեմբերյանի ԲԿ տեղափոխվելու ճանապարհին Դ.Խալխալյանը մահացել է: Բժշկական նախնական հետազոտության համաձայն՝ զինծառայողի մոտ արձանագրվել է սրտի կանգ:




























