Ամերիկացի գիտնական-էկոլոգները կարծում են, որ շարունակվող անտառահատման եւ գլոբալ տաքացման արագացման հետեւանքով մոտակա տարիներին մեր մոլորակից կարող են անհետանալ թռչունների մոտ 200 հազվագյուտ տեսակներ: Այս մասին հայտնում է Informing-ը:

Նման եզրակացության հանգելուց առաջ գիտնականները վերլուծել են արբանյակային լուսանկարները, օդանավերից կատարված դիտարկումների տվյալները եւ տեղեկությունների այլ աղբյուրներ՝ Երկրի 6 տարբեր անկյուններում բնակվող թռչունների 600 տեսակների իրավիճակը հետազոտելու նպատակով:

Այս թվում են եղել նաեւ Կենտրոնական Ամերիկայի, Ամազոնի անտառները, Հարավարեւելյան Ասիայի լեռնային շրջանները, Կոլումբիայում Անդերի արեւմտյան շրջանները, Մադագասկարը, Սումատրան: Մեր մոլորակի հենց այս հատվածներում է կենտրոնացած մոլորակի տեսակային հարստության մեծ մասը:

Գիտնականները նշել են, որ ներկայումս չարժե հենվել Կարմիր գրքի վրա, քանի որ այն ստեղծվել է 25 տարի առաջ, իսկ անցնող ժամանակի ընթացքում իրավիճակը սաստիկ փոխվել է, եւ այժմ Կարմիր գիրքը թերագնահատում է նշված տարածաշրջաններում կենդանիների զանգվածային ոչնչացման չափերը:

Մասնագետների հաշվարկներով՝ ոչնչացման իրատեսական սպառնալիքի տակ են հայտնվել մոլորակի արեւադարձային եւ մերձարեւադարձային շրջանների թռչունների մոտ 210 տեսակներ: