Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ նոյեմբերի 11-ին, երկու ամսով երկարացրել է «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու մեջ մեղադրվող 69-ամյա Խաչատուր Գիչյանի խափանման միջոց կալանքը: Այս մասին այսօր NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Տիգրան Սարգսյանը՝ նշելով, որ դատարանի այս որոշումը բողոքարկելու է:
Նա նշեց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակն այս պահին լավ է:
Հիշեցնենք, որ Գիչյանի ինքնազգացողությունը դատական նիստերից մեկի ժամանակ վատացել էր, նա մի քանի օր անցկացրեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, ապա տեղափոխվեց կալանավայր: Նա նախկինում սրտի կաթված է տարել:
Գիչյանը Վրաստանի քաղաքացի է: Նա ցուցմունք էր տվել, որ երբ իմացել է, թե ինչ նպատակի է ծառայելու իր մեքենան, այն չի տվել «Սասնա ծռեր» խմբի տղաներին, որոնք մի քանի անգամ եկել են իր տուն, ուսումնասիրել բեռնատարը: Նա ասել է, որ մերժելուց հետո սպառնացել են ընտանիքի հետ հաշվեհարդար տեսնել, ինչից հետո ստիպված է եղել բեռնատարը տրամադրել նրանց: Ավելի ուշ փաստաբանն ասել էր, որ Գիչյանը փոխել է նախնական ցուցմունքը:




























