«Սասնա ծռեր» խմբին բեռնատար տալով օժանդակելու մեջ մեղադրվող 69-ամյա Խաչատուր Գիչյանի մեղադրանքը փոփոխվել է՝ ի օգուտ նրան: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 11-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Տիգրան Սարգսյանը: Խաչատուր Գիչյանն այժմ միայն մեղադրվում է շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելու մեջ, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Խաչատուր Գիչյանին մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից), 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից):
Գիչյանը Վրաստանի քաղաքացի է: Նա ցուցմունք էր տվել, որ երբ իմացել է, թե ինչ նպատակի է ծառայելու իր մեքենան, այն չի տվել «Սասնա ծռեր» խմբի տղաներին, որոնք մի քանի անգամ եկել են իր տուն, ուսումնասիրել բեռնատարը: Նա ասել է, որ մերժելուց հետո սպառնացել են ընտանիքի հետ հաշվեհարդար տեսնել, ինչից հետո ստիպված է եղել բեռնատարը տրամադրել նրանց: Ավելի ուշ փաստաբանն ասել էր, որ Գիչյանը փոխել է նախնական ցուցմունքը:




























