Ամերիկյան Սան Ֆրանցիսկո քաղաքում 4.15 մլն դոլարով վաճառել են տունը, որում 1993 թվականին նկարահանվել է «Միսիս Դաութֆայր» ֆիլմը՝ Ռոբին Ուիլյամսի մասնակցությամբ: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով San Francisco Chronicle-ը:
Չորս ննջարանով առանձնատունը 4.45 մլն դոլարով վաճառքի է հանվել այս տարվա սեպտեմբերին: 1997-ին այն գնել էր պլաստիկ վիրաբույժ Դուգլաս Ուստերհութը, շուրջ 1.4 մլն դոլարով: Տան նոր սեփականատիրոջ անունը հայտնի չէ:
Ուիլյամսի մահից հետո տունն ուխտատեղի էր դարձել նրա երկրպագուների համար: Մարդիկ ծաղիկներ էին բերում այստեղ եւ մոմեր վառում: Դերասանն ինքնասպանություն գործեց 2014 թվականի օգոստոսի 12-ին, հիմնական վարկածի համաձայն՝ խորը դեպրեսիայի պատճառով:




























