Նոյեմբերի 11-ին առավոտյան ժամը 10։30-ի սահմաններում, լայնամասշտաբ խուզարկություն է տեղի ունեցել «Սասնա ծռերից» Սեդրակ Նազարյանի՝ Սպանդարյան գյուղում գտնվող տանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել «Հիմնադիր խորհրդարանը»:

Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է.

«Սասնա խռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավումից մոտավորապես չորս ամիս անց վարչախմբի պատժիչ մարմինները «հետախուզական» անտրամաբանական եւ ջղաձիգ գործողություններ են իրականացնում։

Այսպես, երեկ՝ նոյեմբերի 11-ին առավոտյան ժամը 10։30-ի սահմաններում, տեղի է ունեցել լայնամասշտաբ խուզարկություն Սասնա ծուռ Սեդրակ Նազարյանի՝ Սպանդարյան գյուղում գտնվող տանը։

Մի քանի տասնյակ ոստիկաններ եւ ՀՔԾ աշխատակիցներ ավելի քան հինգ ժամ խուզարկել են տունը եւ տան հարակից շինությունները՝ գործի դնելով ականաորսիչներից մինչեւ հատուկ վարժեցված շուն՝ խուզարկության ընթացքում ընդհուպ քանդելով տան հատակը, փորելով տնամերձ հողատարածքը եւ աթարի դեզը։

Խուզարկության ընթացքում ոչինչ չի հայտնաբերվել:

Իրենց ապիկարության հերթական բացահայտումից չորս ամիս անց վարչախումբը փորձում է Սեդրակ Նազարյանի հարազատների եւ ըմբոստ համագյուղացիների մոտ ստեղծել ահաբեկության ու վախի մթնոլորտ․ փորձ, որն ինչպես իր նախընթացները, այլ բան չի կարող շնորհել վարչախմբին, քան հերթական ձախողումը»:

Նշենք, որ Սեդրակ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից), 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից):