«Սասնա ծռեր» խմբի կալանավորված անդամ Գեւորգ Իրիցյանի խափանման միջոց կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու դեմ  նրա պաշտպանի ներկայացրած բողոքը Վերաքննիչ դատարանը մերժել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Գեւորգ Իրիցյանի շահերի պաշտպան Լուսինե Մարտիրոսյանից:

Փաստաբանը նշեց, որ պատրաստվում են բողոքարկել Վերաքննիչ դատարանի այս որոշումը:

Նշենք, որ Գեւորգ Իրիցյանը Ջավախքի Ախալցխա քաղաքի բնակիչ է, նա հուլիսի 16-ին Երեւան էր եկել տարեց մորը տեսակցելու, իսկ հուլիսի 17-ին «Սասնա ծռերի» մյուս անդամների հետ գնացել է ոստիկանության ՊՊԾ գունդը գրոհելու:

Գեւորգ Իրիցյանը   ՊՊԾ գնդի տարածքում փոխհրաձգության ժամանակ ազդրի  շրջանում հրազենային վնասվածք էր ստացել:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել) եւ 218-րդ մասով  (պատանդ վերցնելը), սակայն, դատարանը գտել էր, որ նրան առաջադրված մեղադրանքներից մեկում՝ պատանդ վերցնելը,  հիմնավոր կասկածը բացակայում է: