«Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ Նազարյանի կալանքի ժամկետն այսօր՝ նոյեմբերի 17-ին, երկու ամսով երկարացվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը: Նա նշեց, որ նաեւ լրացվել է իր պաշտպանյալի մեղադրանքը՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 185-րդ հոդվածով՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը եւ 238-րդ հոդվածով՝ Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը հոդվածներով:
Փաստաբանի խոսքով՝ իր պաշտպանյալին նման առողջական վիճակում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից քրեակատարողական հիմնարկ տեղափոխելն անընդունելի է. «Անընդունելի է, որ իմ պաշտպանյալին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխել են ՔԿՀ: Մենք ժամանակին էլ բարձրաձայնել էինք, որ Սեդրակ Նազարյանը պետք է քաղաքացիական հիվանդանոցում բուժում ստանար, ոչ թե քրեակատարողական հիմնարկում: Բայց, փաստորեն, նույնիսկ, «Դատապարտյալների հիվանդանոցում» նրան չպահեցին եւ տեղափոխեցին ՔԿՀ-ի սովորական խուց եւ նա բժիշկների ամենօրյա հսկողությունից զրկված է»:
Նշենք, որ Սեդրակ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից), 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից):




























