«Սասնա ծռեր» խմբի անդամ Արեգ Կյուրեղյանը եւս երկու ամիս կմնա անազատության մեջ: Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը՝ Արեգ Կյուրեղյանի խափանման միջոց կալանքը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ: Այս մասին այսօր` նոյեմբերի 18-ին, NEWS.am-ը տեղեկացավ Արեգի հայրիկից՝ Արմենակ Կյուրեղյանից:

Արեգ Կյուրեղյանը դատարանի դահլիճում հրաժարվել է ոտքի կանգնել, նա նաեւ ելույթ է ունեցել եւ քննիչին հարց ուղղել՝ արդյոք պարզել են մարտի մեկի սպանդը կատարողներին եւ դրա կազմակերպիչներին, դատարանն ընդմիջել է նրա խոսքը՝ նշելով, որ այդ հարցը գործին չի առանչվում:

Նշենք, որ Արեգ Կյուրեղյանին եւս մեկ մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ-ի 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով (Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը), ավելի վաղ նրան մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 218-րդ (պատանդ պահել) եւ 235-րդ հոդվածներով (զենք, զինամթերք կրել, փոխադրել):