«Ինձ համար, որպես գիտնականի, առավել մտահոգիչ է գիտությանն առնչվող ծախսերը 2011 թվականի պետբյուջեում, որոնք խիստ անբավարար են, հատկապես գիտության զարգացման ծրագրի  բացակայության  պայմաններում»,- այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԱԺ նախագահի խորհրդական, տնտեսահետ Թաթուլ Մանասերյանը, հավելելով, որ գիտական ոլորտների առանձնացում նույնպես չկա, իսկ խոսել գիտության զարգացման մասին ճիշտ չէ, երբ պետբյուջեից ընդամենը 1 տոկոս  է տրամադրվել ոլորտին:

«Համադրելի վիճակում գտնվող ԱՊՀ երկրներից հետ համեմատած նշեմ, որ, օրինակ,  Ղազախստանում ոչ թե բյուջեից, այլ ՀՆԱ-ից գիտությանը հատկացնում է 5 տոկոս: Դա խոսում է այն  մասին, թե ինչն է իսկապես գերակա ոլորտ այդ երկրի համար»,-նշեց Մանասերյանը:

Անդրադառնալով 2011 թվականի պետբյուջեին տրվող որակավորումներին` նա աասաց. «Ճիշտ չեմ համարում բյուջեին որակավորումներ տալը: Ոմանք փորձում են բյուջեն ներկայացնել  որպես ստվերի ամբողջություն, ինչն իրականում այդպես չէ:  Տարվա զարգացման կտրվածքով բյուջեն պետք է լինի տնտեսության  զարգացման ծրագիր, քաղաքականության հիմք եւ հեռահար նպատակներին հասնելու աստիճաններից մեկը: Որակավորում տվող մարդիկ  անլուրջ վերաբերմունք են արտահայտում, քանի որ որեւէ տնտեսական քաղաքականություն չի կարող ունենալ անվանում»:

Ըստ Մանասերյանի, ցանկացած քաղաքականություն միտված է զարգացման: Իսկ բյուջեն  պետք է ունենա վերականգնման, կայունացման , այնուհետեւ զարգացման  միտումներ. «Նախ պետք է խոսել վերականգնողական տեմպերի մասին, հասնել մինչ ճգնաժամային մակարդակին, կայունացնել տնտեսությունը  և նոր գնալ դեպի զարգացում: Մի փոքր վաղ է փորձել  որակել բյուջեն որպես զարգացման բյուջե»: