Էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության մեջ մեղադրվող  «Յանուս» թատրոնի ղեկավար Մուշեղ Մխիթարյանն ինքնավնասվել է: Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Երեւանի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նշանակված նիստը հետաձգվեց, որովհետեւ քրեակատարողական հիմնարկից Մուշեղ Մխիթարյանին չէին տեղափոխել դատարան: Նա նոյեմբերի 21-ին ածելիով կտրել է երակներն ու կարել աչքերը:

Սակայն, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացնում են, որ Մուշեղ Մխիթարյանն ընդամենը թեթեւ ինքնավնասվել է:

Հիշեցնենք, որ 2015թ. օգոստոսի 5-ին Երեւանի Մազմանյան 5 շենքի թիվ 20 բնակարանում հայտնաբերվել էր «6-րդ զգայարան» հաղորդաշարի էքստրասենս, 53-ամյա Անի Մաջնունյանի դին՝ բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով:

Սպանության մեջ մեղադրվում է 21-ամյա Մուշեղ Մխիթարյանը, որին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով (սպանություն` զուգորդված ավազակությամբ): Նա կալանավորված է, չի ընդունում իր մեղքը: