Հայաստանի խորհրդարանը չափազանց լայն իրավասություններ է պահանջում: Այս մասին նոյեմբերի 24-ին՝ կառավարության նիստին հայտարարեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով նոր խմբագրմամբ «Ազգային ժողովի կանոնակարգը» սահմանադրական օրենքի վերաբերյալ կառավարության եզրակացությունը: Օրինագծի հեղինակներն են երեք պատգամավորներ՝ Հանրապետական եւ Դաշնակցություն խմբակցությունների ղեկավարներ Վահրամ Բաղդասարյանը եւ Արմեն Ռուստամյանը, ինչպես նաեւ ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի հանրապետական նախագահ Հովհաննես Սահակյանը:
Հովհաննիսյանը նշեց, որ օրինագծով խորհրդարանը պահանջում է կառավարության ծրագրով նախատեսված միջոցառումների վերահսկման հնարավորություն, ինչպես նաեւ ստուգել գործադիր իշխանության իրավական ակտերի իրավական համապատասխանությունը (Սահմանադրության եւ օրենքների): Այսպիսի լայն իրավասություններ չունեն նույնիսկ կառավարման ամբողջովին խորհրդարանական համակարգով երկրները: «Դա կխանգարի իշխանության ճյուղերի հավասարակշռությանը եւ կկրճատի կառավարության գործառույթները: Անընդունելի է կառավարության օրինագծերն առանց տեքստի հետ համաձայնեցնելու ընդունելու պատգամավորների պահանջը, բացառությամբ պետական բյուջեի տարեկան օրինագծերը եւ մի շարք այլ կարեւորագույն օրենքներ»,- ասաց Հովհաննիսյանը:
Ի պատասխան՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը նշեց, որ Սահմանադրության նախկին խմբագրմամբ Կառավարությունն իսկապես կարող էր պահանջել, որ իր օրինագծերն ընդունվեն միայն համաձայնեցված տարբերակով: Այժմ այդ պահանջը պահպանվել է միայն 5 կարեւորագույն օրենքների դեպքում: «Մնացած օրենքների համար այդպիսի պահանջ չկա: Եվ այժմ օրինագծի հիմնական պատասխանատվությունը կկրեն խորհրդարանի մասնագիտական հանձնաժողովները»,- նշեց Թովմասյանը:
Իր հերթին, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ այժմ գործադիր իշխանությունն իսկապես չի կարող պնդել օրինագծերի տեքստերի իր տարբերակը, բայց դրանց վերջնական ճակատագիրը պետք է որոշի ոչ թե մասնագիտական հանձնաժողովը, այլ ամբողջ խորհրդարանը՝ լիագումար նիստում:




























