Ռուսաստանի Լիբերալ դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին Անկարայում հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Պետական դումայի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի, տուրիզմի եւ երիտասարդության հարցերով կոմիտեի ղեկավար Միխայիլ Դեգտյարեւը, որը ՌԼԴԿ պատվիրակության կազմում Թուրքիայում է:

Ժիրինովսկու եւ Էրդողանի հանդիպումը 45 րոպե է տեւել եւ «ջերմ մթնոլորտում է անցել»: Դեգտյարեւի խոսքով՝ հանդիպման շրջանակում Ժիրինովսկին ներկայացրել է իր «Շրջադարձ Հյուսիս» ծրագիրը, որում ՌԼԴԿ-ն առաջարկներ է ներկայացրել Ռուսաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների զարգացման վերաբերյալ:

Պատգամավորը նշել է, որ փաստաթուղթը 16 կետ է պարունակում եւ անձամբ ՌԼԴԿ առաջնորդի կողմից թուրքերենով է գրվել:

ՌԼԴԿ-ում կարծում են, որ «Թուրքիան պետք է ՆԱՏՕ-ից դուրս գա եւ Մաքսային միություն մտնի», քանի որ դրա համար Ռուսաստանը բոլոր պաշարներն ունի:

2015-ի նոյեմբերին ռուս-թուրքական հարաբերությունների սրման ժամանակ Ժիրինովսկին առաջարկել էր Թուրքիային միջուկային հարված հասցնել: Նա նաեւ ասել էր, որ Թուրքիան Ռուսաստանի  «թիվ մեկ թշնամին է»: