Հոլանդիայի վերաքննիչ դատարանը պետք է այս օրերին որոշում կայացնի «Ստոլիչնայա» օղու ապրանքանիշի նկատմամբ իրավունքների մասին, գրում է Die Presse–ը։
«Վլադիմիր Պուտինն ուզում է հետ ստանալ «իր» օղին, ավելի ճիշտ՝ «Ստոլիչնայա» հանրահայտ ապրանքանիշի նկատմամբ իր իրավունքները։ Հիմա այն մասնավոր ձեռքերում է, ու Մոսկվան համարում է, որ այն պետք է վերադառնա պետության հսկողության տակ ու եկամուտ բերի պետական գանձարան»,- գրում է հրապարակման հեղինակը։
Պարբերականը նշում է, որ Մոսկվան շատ երկրներում է վիճարկում օղու ապրանքանիշների նկատմամբ իրավունքները, բայց մեծամասամբ ապարդյուն։ «2015-ին Ռոտերդամում առաջին ատյանի դատարանը վճիռ է կայացրել Կրեմլի օգտին, ինչի արդյունքում ապրանքանիշի ներկա սեփականատերը, ռուսական «օղու թագավոր» Յուրի Շեֆլերը դիմել է վերաքննիչ դատարան՝ որն էլ հենց պետք է այս օրերին կայացնի իր վճիռը, հայտնում է հեղինակը, նշելով, որ Շեֆլերը սկսել է իր կայսրությունը ստեղծել Բորիս Ելցինի օրոք։ «Այսօր «Ստոլիչնայան», որը դարձել է յուրատեսակ օղու հիթ, կարելի է գնել աշխարհի առնվազն 150 երկրներում՝ տարեկան վաճառվում է մոտ 30 մլն շիշ»։
«Եթե դատավճիռը Ռուսաստանի օգտին լինի, դա կարող է նախադեպ դառնալ։ Պուտինը, վկայակոչելով հոլանդական դատարանի որոշումը, կարող է բազմաթիվ հայցեր ներկայացնել Spirits International–ի դեմ։ Մոսկվան պնդում է, որ Շեֆլերը ժամանակին ապօրինաբար է ստացել այդ եւ ուրիշ ապրանքանիշերի նկատմամբ իրավունքները՝ խախտելով այն ժամանակվա օրենքները»,- ասվում է հոդվածում։
Ավելին, Պուտինի մտքով կարող է անցնել Շեֆլերից պահանջել 1990-ից հետո ստացած ամբողջ եկամուտը։ «Ինչպես եւ նավթագազային ոլորտում, նախագահն ուզում է ընդլայնել պետության հսկողությունը նաեւ տնտեսության մյուս եկամտաբեր ոլորտների նկատմամբ»,- եզրակացնում է ավստրիական պարբերականը։



























