Սերժ Սարգսյանը գոհ է ինը տարիների ընթացքում իրենց գրանցած տնտեսական ցուցանիշերից։ Այս մասին ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ասել է այսօր՝ նոյեմբերի 26–ին, Երեւանում մեկնարկած ՀՀԿ 16–րդ համագումարում։
«ՀՀ տնտեսության, այսպես ասած, իմունիտետը շատ է փոխվել այս տարիների ընթացքում: Մեզ հաջողվել է զարգացնել բոլոր այն ինստիտուտները, որոնք զսպանակի նման աշխատելով կարողանում են մեղմել արտաքին աշխարհից եկող ուժեղ բացասական ալիքները եւ չթողնել, որ դրանք անխոչընդոտ հասնեն մարդկանց: Հենց այդ ավելացող ամրության պաշարն է նաեւ, որ թույլ տվեց առաջանցիկ աճ ապահովել: Մասնավորապես 2007-2015 թթ ՀՀ-ն ապահովել է 29,3 տոկոս իրական տնտեսական աճ, իսկ ԱՄՀ-ի գնահատմամբ՝ 32 տոկոս աճ, մինչդեռ նույն ԱՄՀ-ի գնահատականով՝ Եվրոպայում այդ ժամանակահատվածում արձանագրվել է 8,9 տոկոս աճ: ԱՊՀ-ում 22,4 տոկոս աճ է եղել: ՀՀ-ն վերջին 9 տարիներին շարունակել է զարգանալ՝ դիմագրավելով այնպիսի տնտեսական ցնցումների, որոնք հաճախ համեմատվում են նախորդ դարի 1930-ական թվականների մեծ դեպրասիայի հետ:
Մենք կարողացել ենք փոխել նաեւ տնտեսության կառուցվածքը, էապես մեծացնել արտահանումը, կրճատել ներմուծման ծավալները: Մասնավորապես, եթե դարասկզբին արտահանումը կազմում էր ՀՆԱ աճի մոտ 20-23 տոկոսը, ապա վերջին 5 տարիներին կազմել է 72 տոկոսը: Եթե 2006-ին արտահանումը կազմել է 985 մլն դոլար, ապա 2015-ին՝ 1,485 մրդ դոլար:
Տնտեսական կառուցվածքի նման փոփոխությունը մի կողմից պարտադրվեց տնտեսական ճգնաժամի հետեւանքով, միաժամանակ դարձավ Հայաստանի ընտրած տնտեսական քաղաքականության լրջագույն ձեռքբերումը: Տնտեսական աճի կախվածությունը դրամական փոխանցումներից իր տեղը զիջեց ներքին տնտեսական գործոնների գերակայությանը: Արդյունքում 2007-2015 թթ իրական աշխատավարձը աճեց 39,2 տոկոսով: Սա հնարավոր է դարձել ոչ միայն իրական տնտեսական աճ ապահովելու, այլ ընդհանրապես համաշխարհային ճգնաժամերի տարիներին գների կայունություն ապահովելու արդյունքում:
Հայաստանն այս տարիներին այդ առումով փայլուն արդյունքներ է արձանագրել: Նվազագույն աշխատավարձը շարունակաբար ավելացել է. եթե 2007-ին այն 20 հազար դրամ էր, ապա հիմա 55 հազար դրամ է: Լրջորեն աճել են աշխատավարձերը երկրի պետական հատվածում: Եթե 2007-ին պետական հատվածում միջին աշխատավարձը եղել է 60 985 դրամ, ապա 2016-ի 9 ամիսներին կազմել է 160 688 դրամ: Այսինքն 9 տարիների ընթացքում այն աճել է 2,6 անգամ: Մասնավոր հատվածում 2016-ի 9 ամիսներին աշխատավարձը կազմել է 214 169 դրամ, իսկ 2007-ին եղել է 80 հազար:
Կենսաթոշակները եւս աճել են. մասնավորապես, 2007-ին միջին կենսաթոշակը կազմել է 12 746 դրամ, ապա 2016-ին այն գերազանցել է 42 հազար դրամը:
Հարց է ծագում, եթե աշխատավարձերն ու կենսաթոշակներն աճել են, ապա ինչպիսին է մեզ հուզող աղքատության վիճակը:
Ազնվորեն պետք է ասել, որ աղքատության համեմատաբար ցածր մակարդակը պայմանավորված է արտագնա աշխատանքից եկած եկամուտներով եւ դրանով պայմանավորված սպառմամբ: Ֆինանսական ճգնաժամը հարվածեց հենց այս հատվածին: Բավական է նշել, որ 2008-ին ֆիզիկական անձանց անունով Հայաստան կատարված փոխանցումների ծավալը 2,3 մլրդ դոլար էր, իսկ 2009-ին այն կտրուկ նվազեց հասնելով 1,6 մլրդ դոլարի: 2015-ին նույն ցուցանիշով ունեցանք կես մլրդ դոլարի անկում, միտումը շարունակվում է նաեւ այս տարի:
Համաշխարհային ճգնաժամի պատճառով աղքատությունն աճել է մոտ 9 տոկոսով: 2010 թվականին աղքատությունը կազմել է 35,8 տոկոս, իսկ 2015-ին հաջողվել է նվազեցնել մինչեւ 29, 8 տոկոսի»,– ասել է Սերժ Սարգսյանը։




























