ՀՀԿ կուսակցությունը շարունակում է մնալ քաղաքական կյանքի ամենակարևոր դերակատարը։ Այս մասին ՀՀԿ 16–րդ համագումարի ավարտից հետո լրագրողներին ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ ներկայացնելով համագումարի հինգ գլխավոր մեսիջները։

«1. ՀՀԿ-ն ևս մեկ անգամ վերահաստատեց,  որ ազգային պահպանողական կուսակցություն է և մենք բարեփոխումների կողմնակից ենք, դրանց միջոցով ենք իրականացնելու երկրում փոփոխությունները:

2.  Շատ կարևոր է կուսակցական շինարարությունը, պետք է վերհանենք թերությունները, կապը տարածքային և մարզային գերատեսչությունների, շարքային կուսակցականների հետ պահպանենք: Դրանում է մեր ուժը:

3. Վերջին ՏԻՄ ընտրությունները ապացուցեցին, որ խնդիրներով ու թերություններով հանդերձ ՀՀԿ կուսակցությունը շարունակում է մնալ Հայաստանի քաղաքական կյանքի ամենաազդեցիկ ու առանցքային դերակատարը և մենք 2017թ. պառլամենտական ընտրություններին ընդառաջ շարունակում ենք եղածը պահպանելու և էլ ավելի մեծ վստահություն ձեռք բերելու ուղղությամբ:

4. ՀՀԿ շարունակելու է միջկուսակցական արտաքին կապերի ամրապնդումը և դուք այսօր տեսաք այդ կապերի ամրությունը Ռուսաստանի Դաշնության, մեր եվրոպացի և չինաստանցի  գործընկերների հետ:

5.Ղարաբաղյան հիմնահարցի հետ կապված պրն. նախագահը նշեց, որ մեր նպատակը Բաքուն գրավելը չէ։ Մեր նպատակը խնդրի խաղաղ կարգավորումն է Մինսկի խմբի համանախագահների ձևաչափով, ԼՂՀ ժողովրդի ազատ կամքի արտահայտության միջոցով»,– ասաց Շարմազանովը: