Վերաքննիչ դատարանն առանց քննության է թողել 58-ամյա Եղիշե Խաչատրյանի (հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու) սպանության գործով ամբաստանյալ Արտաշես Չիչոյանի կալանքը երկարացնելու դեմ նրա շահերի պաշտպանի բողոքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Միհրան Պողոսյանը: Միհրան Պողոսյանը նշեց, որ հոկտեմբերի 7-ին Արտաշես Չիչոյանի խափանման միջոց կալանքը երկու ամսով կրկին երկարացվել էր, որն, ըստ փաստաբանի, անհիմն է:
Միհրան Պողոսյանը նշեց, որ այս պահին չի կարող ասել՝ իր պաշտպանյալի մասնակցությամբ առերես հարցաքննություն եղել է, թե ոչ՝ նշելով, որ այդ մասին խոսելն այս պահի դրությամբ նպատակահարմար չի գտնում:
Նշենք, որ քրեական գործով ամբաստանյալների, բացի ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով առաջադրված մեղադրանքից՝ սպանություն՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով, պատժվում է ազատազրկմամբ՝ տասներկուսից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ, մեղադրվում են նաեւ ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով՝ խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից, զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ հունիսի 4-ին, ժամը 23-ին, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1958 թ. ծնված Եղիշե Խաչատրյանի եւ ճանապարհատրանսպորտային երթեւեկության կանոնները խախտած ավտոմեքենայի վարորդի եւ ուղեւորների միջեւ Նուբարաշենի խճուղու թիվ 1/5 հասցեի մոտ տեղի էր ունեցել վիճաբանություն, որի ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից Եղիշե Խաչատրյանը մահացել էր:
Նույն գործով կալանավորված են Երեւանի Էրեբունի փողոցի բնակիչներ 26-ամյա Խաչիկ Կոսյանը, 26-ամյա Արարատ Նիկողոսյանը եւ Յուրի Հ-ն:




























