Հնդկաստանում իրականացված բարեփոխումների ֆոնին վերջին 28 օրվա ընթացքում իշխանություններին է հանձնվել առնվազն 564 մաոիստ գրոհային: Այս մասին հայտնում է Times of India-ն:

Մաոիստ գրոհայինները, որոնց Հնդկաստանում նակսալիտ են անվանում, ակտիվորեն գործում են երկրի մի շարք նահանգներում: Գրոհայինները պարտիզանական պատերազմ են վարում՝ թաքնվելով ջունգլիներում եւ այնտեղից դուրս գալով բնակավայրերում իշխանության ներկայացուցիչների վրա հարձակումներ իրագործելու համար:

Պարբերականի տեղեկություններով՝ սա ամբողջ պատմության ընթացքում մեկ ամսվա ընթացքում հանձնվող գրոհայինների ամենամեծ թիվն է: 2011-ից մինչեւ 2016 թվականները իշխանություններին է հանձնվել ընդհանուր առմամբ 3766 մաոիստ, որոնցից 1399-ը՝ ընթացիկ տարում, որը եւս պատմության մեջ ամենամեծ ցուցանիշն է: Հանձնված մաոիստների ավելի քան 70 տոկոսը գործել է Օրիսա նահանգում:

Ոստիկանության կենտրոնական պահուստի ուժերի տեղեկատվության համաձայն՝ հանձնվող մաոիստների թվի կտրուկ աճի վրա ազդած հիմնական գործոններից մեկը շրջաններում իշխանությունների գործողություններն են, որտեղ նրանց ազդեցությունն առանձնապես մեծ է, ինչպես նաեւ վերջերս իրականացված արժութային բարեփոխումը, որը գրոհայինների համար անհնարին է դարձրել հին արժույթի լվացումը: Այսպես՝ 534 մաոիստներից 469-ը ոստիկանությանն են հանձնվել նոյեմբերի 8-ից հետո, երբ ուժի մեջ է մտել Հնդկաստանի արժութային նոր քաղաքականությունը: