Ընդդիմությունը հաղթելու շանս չունի, արհեստական միավորումներն անգրագիտություն են: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Հարցին, թե ընդդիմությունը շանս ունի՞ հաղթելու խորհրդարանական ընտրություններում, Շարմազանովը պատասխանեց. «Անկեղծ` ոչ: Ո՞վ է ընդդիմությունը, մի հատ նայեք, էլի, ի՞նչ է նշանակում՝ շանս ունենալ: Կա ԲՀԿ, կա ՕԵԿ, կա ՀԱԿ, կա «Լուսավոր Հայաստան», կա «Քաղաքացիական պայմանագիր», կա «Ազատ դեմոկրատներ», կա ՀՀՇ, կա «Ժառանգություն»: Այս ուժերն ունեն պատգամավոր խորհրդարանում: Եթե այս բոլորն իրար գլուխ միավորվեն, ես միայն ուրախ կլինեմ, բայց դա անհնար է»:
Շարմազանովը իր տեսակետը հիմնավորեց հետեւյալ կերպ. «Որովհետեւ 2017-ի խորհրդարանական ընտրություններում առանցքային հարցը պետք է լինի ՀՀ արտաքին քաղաքականությունը, իսկ այդ քաղաքական կուսակցությունները պետք է հստակեցնեն իրենց դիրքորոշումը: Չի լինում, որ մինչեւ ժամը 12-ը ՀԱՊԿ-ի կողմնակից ես, 12.00-14.00-ը՝ ԵՏՄ-ի կողմնակից, իսկ 14.00-ից էլ 18.00-ն՝ չկողմնորոշված: Ես պետք է հասկանամ, թե ում եմ եմ ձայն տալիս, մի ուժի, որն ուզում է, որ Հայաստանը գնա ՆԱՏՕ, գնա ԵՄ, թե՞ ԵՏՄ: Ինչպես եք պատկերացնում ՀԱԿ-ի, «Լուսավոր Հայաստանի» կամ «Ժառանգության» միասնական ցուցակը, որտեղ ՀԱԿ-ը կողմ է եղել ԵՏՄ-ին, իսկ մյուսները կողմ են ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացմանը: Արհեստական միավորումներն անգրագիտություն են: Եթե նույնիսկ միավորվեն, կլինի նախընտրական կարճատեւ կոմբինացիա, որը կունենա այն ճակատագիրը, ինչ նախորդ նման միավորումները»:




























