ԱՄՆ ապագա առաջին տիկին Մելանիա Թրամփը YouTube բլոգեր Ջեյմս Հանթերից պահանջել է ջնջել այն տեսագրությունը, որում նա ենթադրություն է հայտնում Մելանիայի իննամյա որդու՝ Բերոնի աուտիզմի ախտանշանների մասին, գրում է TMZ–ը։ Տղամարդը խոստացել է անհապաղ կատարել Մելանիայի խնդրանքը եւ հրապարակել է տեսահոլովակի մասին իր մեկնաբանություններ։

«Ինձ հետ կապվել են TMZ -ից ու ասել, որ Մելանիա Թրամփը սպառնում է դատի տալ ինձ այս տեսագրության համար, նաեւ ինձնից հրապարակային ներողություն է պահանջում։ Ես   պարզապես սարսափած եմ, այս տեսագրությունը ծաղրանքի համար չէի հրապարակել»,- գրել էր Հանթերը։ Երիտասարդը պարզաբանել էր, որ իր մոտ աուտիզմ էին ախտորոշել հինգ տարեկանում, ու ինքը երբեք ոչ մեկին չէր ծաղրի նույն ախտորոշման համար։ Բլոգերի խոսքով, ինքն ուզում էր, որ մարդիկ դադարեն ծաղրել տարօրինակ վարքագիծմ դրսեւորող Բերոնին, որը հիմա համընդհանուր ուշադրության կենտրոնում է հայտնվել։

«Եթե տիկին Թրամփն ուզում է, որ ես ջնջեմ տեսագրությունը, ես այդպես էլ կանեմ։ Ես շատ եմ հարգում նրան ու նրա ընտանիքը։ Երբեք ոչ մեկին նեղացնելու մտադրություն չեմ ունեցել»,- ներողություն է խնդրել Հանթերը։

Տեսահոլովակը, որը նոյեմբերի 11-ին է հրապարավել Հանթերի բլոգում, ցուցադրում է Բերոնի տարօրինակ վարքագիծը մարդաշատ վայրերում՝ ծափահարելու ձեւը, քայլվածքը, տհաճությունը, երբ նրան կպչում են եւ այլն։ Տեսահոլովակի հեղինակի կարծիքով այս նշանները վկայում են աուտիզմի մասին։ «Արդյո՞ք աուտիստ է Բերոն Թրամփը» անվանումով տեսահոլովակին կցված է #StopTheBullying (Բավական է ծաղրեք) հեշթեգը։

Մելանիայի իրավաբան Չառլզ Ջեյ Հարդերը հայտնել էր, որ Բերոնի աուտիզմի մասին հայտարարությունները իրականության հետ ոչ մի կապ չունեն, տղան միանգամայն առողջ է։ Իր հաճախորդուհու անունից Հարդերը Հանթերի գործողությունները անթույլատրելի էր անվանել։