18-ամյա սոմալիացին, որը հարձակվել էր Օհայոյի համալսարանի ուսանողների վրա, վրդովված էր մուսուլմանների հանդեպ ԱՄՆ քաղաքականությունից։ AP-ի փոխանցմամբ, իր Facebook էջում Աբդուլ Ռազակ Ալի Արթանը գրել էր՝  եթե ուզում եք կանգնեցնել միայնակ գայլերի հարձակումները, այդ դեպքում խաղաղություն կնքեք «Իսլամական պետության» հետ։ Քննիչները դեռ ուսումնասիրում են, արդյոք համալսարանում տեղի ունեցած հարձակումը կարելի է ահաբեկչություն որակել։

«Ամերիկա, բավակա՛ն է ներխուժես այլ երկրներ, մանավանդ մուսուլմանական։ Մենք թույլ չենք, հիշիր դա»,- գրել էր Արթանը։ «Յուրաքանչյուր մուսուլման, որը չի աջակցում իմ գործողությունները,  քնած բջիջ է, որը սպասում է ազդանշանի։ Ես ձեզ նախազգուշացնում եմ»։  ՀԴԲ գործակալները խուզարկություն են անում նրա բնակարանում, որպեսզի հասկանան, թե ինչն է դարձել Արթանի վրդովմունքի խատճառը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արթանը ավտոմեքենայով մխրճվել էր ուսանողների խմբի մեջ, որից հետո դանակը ձեռքին հարձակվել նրանց վրա։ Ոստիկանները սպանել էին նրան։ Նրա հարձակման հետեւանքով 11 մարդ է տուժել։