Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կողմ է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների դադարեցմանը: Նա նման հայտարարությամբ հանդես է եկել Բունդեսթագում Քրիստոնեա-դեմոկրատական միության խմբակցության նիստում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Bild պարբերականը:

Մերկելը նշել է, որ պետական հեղաշրջման փորձից հետո թուրքական իշխանությունների գործողությունները թույլ չեն տալիս անցնել բանակցություններում նոր թեմաների քննարկմանը: Ըստ Bild-ի՝ կանցլերը ՔԴՄ-ի պատգամավորներին խորհուրդ է տվել իրավիճակը բացատրել քաղաքացիների հետ հանդիպումներում:

Նոյեմբերի 24-ին Եվրախորհրդարանի պատգամավորները կողմ քվեարկեցին ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների դադարեցմանը: Ընդունված բանաձեւը Եվրահանձնաժողովին եւ ԵՄ անդամ պետությունների կառավարություններին կոչ է անում դադարեցնել Անկարայի հետ հետագա բանակցությունները: Որպես պատճառ նշվում է պետական հեղաշրջման փորձի ձախողումից հետո Թուրքիայի իշխանությունների անհամաչափ արձագանքը: