Կհանդուրժեի՞ք, եթե ռեստորանից հնչող երաժշտությունն ամեն գիշեր խաթարեր Ձեր անդորրը: Նման հարցադրումով Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:

Բաց նամակում սվում է.

«Հարգելի պարոն Վարչապետ,

Ս.թ. նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության նիստում հանձնարարեցիք ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարներին, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին, համագործակցելով համայնքապետերի հետ, բազմաբնակարան շենքերում եւ նրանց անմիջական հարեւանությամբ գործող գիշերային ակումբների եւ նման զվարճանքի օբյեկտների գործունեությունը կանոնակարգելու, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում այլ վայրեր տեղափոխելու նպատակով համատեղ ներկայացնել օրենսդրական անհրաժեշտ լուծումների վերաբերյալ առաջարկություններ: Նշեցիք, որ խոսքը ստրիպտիզ ակումբների եւ դրա նման զվարճանքի ակումբների մասին է, որոնք տեղակայված են բազմաբնակարան շենքերի տակ եւ անհանգստացնում են բնակիչներին: Շատ բողոքներ կան եւ Կառավարությունը պետք է արձագանքի դրանց:

Որպես Երեւանի ավագանու անդամ՝ ինքս էլ անընդհատ բողոքներ եմ ստանում մեր այն քաղաքացիներից, որոնց շենքերի առաջին հարկերում գործում են ռեստորաններ կամ զվարճանքի օբյեկտներ (Մաշտոցի պողոտա 31, Խանջյան փողոց 31): Դժվար չէ պատկերացնել, թե հատկապես գիշերային ժամերին այնտեղ հնչող երաժշտությունը որքան անհարմարություն է ստեղծում անմիջապես դրանց վերեւում ապրող բնակիչների համար:  Տեւական ժամանակ նշված փողոցների բնակիչների բարձրացրած խնդիրները եղել են իմ ուշադրության կենտրոնում, եւ փորձել եմ քայլեր ձեռնարկել դրանց լուծման ուղղությամբ: Մասնավորապես, երկարատեւ պայքարից հետո մեզ հաջողվեց վերացնել Մաշտոցի պողոտայում գործող «Կամելլոտ» ռեստորանի աղմուկը եւ արգելել աշխատել գիշերային ժամերին: 

Մաշտոցի պողոտայի եւ Խանջյան փողոցի բնակիչների դիմում-խնդրանքն է Ձեզ, որպեսզի գիշերային ակումբներից եւ նման զվարճանքի օբյեկտներից զատ ցանկում ներառվեն նաեւ քաղաքի բնակելի շենքերի 1-ին հարկերում կամ նկուղներում գործող ռեստորանները, սրճարանները եւ նմանատիպ օբյեկտները, որոնցում հնչող երաժշտությունը, աղմուկ-աղաղակը մղձավանջ եւ պատուհաս են բնակիչների համար:

Շնորհակալություն համագործակցության համար»: