Հարավային Կորեայի ընդդիմադիր կուսակցություններից մեկը հրաժարվել է մասնակցել նախագահ Փաք Կըն Հեի իմփիչմենթի հարցով քվեարկությանը, եթե այն անցկացվի դեկտեմբերի 2-ին: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Ռենհափ գործակալությունը:

Այսպիսով, քվեարկությունը հետաձգել են մինչեւ հաջորդ շաբաթ, ինչը կողմերին ավելի շատ ժամանակ եւ հնարավորություններ է տալիս վիճելի հարցերը կարգավորելու համար:

Նախագահին իմփիչմենթ հայտարարելու համար հարկավոր է խորհրդարանի 300 պատգամավորներից 200-ի համաձայնությունը: Ընդդիմադիր կուսակցությունները ներկայացված է 172 պատգամավորով, ինչի արդյունքում, առանց իշխող կուսակցության 28 պատգամավորի համաձայության, հնարավոր չի լինի նման որոշում կայացնել:

Միաժամանակ, իշխող Սենուրի կուսակցության պատգամավորները, որոնք նույնպես դեմ են հանդես գալիս գործող նախագահին, պնդում են, որ լավագույն ելքը կլինի նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարեցումն ու 2017 թվականի հունիսին արտահերթ ընտրությունների անցկացումը, այլ ոչ իմփիչմենթը:

Նրանց կարծիքով՝ նման «ճանապարհային քարտեզը» կողմերին բավականաչափ ժամանակ կտա՝ իշխանությունը փոխանցելու եւ ընտրություններին պատրաստվելու համար: