Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը վստահեցրել էր, որ ուղիղ մեկ տարուց կլքի իր պաշտոնը, եւ երկրում իշխանափոխություն կլինի։ Աթամբաեւը Ղրղզստանի նախագահ էր ընտրվել 2011–ին, նրա լիազորությունների ժամկետը լրանում է 2017-ի վերջին։
«Արդեն 6–րդ տարին է, որ ես նախագահ եմ։ Ժամանակը շատ արագընթաց է, բողոքելու իրավունք չունեմ. կարծում եմ, որ Ղրղզստանի քաղաքացիների օգնությամբ հաջողվել է շատ բան անել։ Մենք հիմա լրիվ ուրիշ երկիր ունենք։ Մեկ տարուց ես կհեռանամ այս պաշտոնից, եւ 2-3 տարի անց պարզ կլինի, թե ինչ է հաջողվել անել»,– ասել է Աթամբաեւը տարին ամփոփող ասուլիսի ժամանակ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Աթամբաեւը հայտնել է, որ չգիտի, թե ում կընտրի իր ժողովուրդը հաջորդ տարի, սակայն գլխավորը, որ մեկ մարդը չկարողանա երկիրը դեպի հետ շրջել։ «Ինձ ուրախացնում է, որ մենք չունենք փոխարինող, դա նշանակում է, որ մենք կարողացել ենք ժողովրդավարական երկիր կառուցել»,– ասել է Աթամբաեւը։





























