Լեհաստանի Կամեննա Գուրա քաղաքում 25-ամյա տեղաբնակը ալկոհոլը չարաշահելուց հետո սխալմամբ հայտնվել է դիահերձարանում, որտեղ առավոտյան ցրտից արթնացել է մերկ վիճակում եւ ծածկոց խնդրել, հայտնում է Informing–ը։
Metro–ի փոխանցմամբ՝ միջադեպի նախօրեին Կամիլ անունով երիտասարդը խնջույքի էր մասնակցել, որտեղ մի քանի բաժակ օղի էր խմել եւ կորցրել գիտակցությունը։
Կամիլի ընկերները նրան հիվանդանոց էին տարել, որտեղ բժիշկներն արձանագրել են նրա մահը եւ մարմինն ուղարկել դիահերձարան, սակայն նախքան փորձաքննությունը կսկսեին, «դիակն» արթնացել էր ու ծածկոց խնդրել։
Անվտանգության աշխատակիցները աղմուկ էին լսել եւ ոստիկանություն կանչել։ Իրավապահները պարզել են հարություն առած լեհի ինքնությունը, իսկ բժիշկները, որոնք նրան մահացած էին ճանաչել, ոչինչ չհայտնաբերելով, նրան տուն էին ուղարկել։ Սակայն երիտասարդն ուղեւորվել էր մոտակա փաբ՝ «հարությունը» նշելու։





























