ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հավաքել է երկրի պատմության մեջ ամենահարուստ վարչակազմը, գրում է Washington Post–ը։

 Թրամփի ապագա վարչակազմում կան մի քանի մուլտիմիլիոնատերեր, երկուսը նույնիսկ Forbes–ի վարկանիշում են ընդգրկված։ Քանի որ ոչ բոլոր պաշտոններն են զբաղեցված, միլիոնատերների քանակը կարող է աճել։

Թրամփի թիմում են արդեն առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսսը, նրա ապագա տեղակալ Թոդդ Ռիկեթսը, Սթիվեն Մնուչինը՝ Goldman Sachs-ի նախկին գործադիր տնօրենը, որը կզբաղեցնի ֆինանսների նախարարի պաշտոնը, կրթության նախարար Բեթսի Դեւոսը (Amway ընկերության համահիմնադիր Ռիչարդ Դեւոսի ազգականուհին)։

Թրամփի թիմին կարող են միանալ նաեւ Հարոլդ Հեմմը, նավթային մագնատ, որը 30-րդ տեղն է զբաղեցնում ամենահարուստ ամերիկացիների շարքում ըստ Forbes–ի, նա հավակնում է էներգետիկայի նախարարի պաշտոնին, ու Էնդրյու Պազդերը, ռեստորանային բիզնեսի սեփականատեր, որը հավանաբար կդառնա աշխատանքի ապագա նախարարը։

Թրամփի թիմից շատերը «ծնվել են հարուստ, հաճախել էլիտար դպրոցներ, նրանք ավելի փորձառու են քաղաքական թեկնածուներին ֆինանսավորելու հարցում, քան կառավարական հաստատություններում աշխատելու»։

Պարբերականը գրում է, որ այս հավաքական հարստությունը կարող է մարտահրավեր նետել Թրամփի պոուլիստական խոստումներին՝ նրա վարչակազմի ներկայացուցիչների գործնական կապերը Ուոլ սթրիթի հետ արդեն գրավել են դեմոկրատների ուշադրությունը։

Նշում են, որ երբ 2001-ին Ջորջ Բուշը հավաքեց իր թիմը, լրատվամիջոցներում միանգամից այն որակեցին «միլիոնատերերի թիմ»։ Բայց Թրամփի թիմի կապիտալների համեմատ Բուշի վարչակազմի ընդհանուր եկամուտը կազմում է ընդամենը մեկ տասնորդական մասը՝ 250 մլն դոլար։