ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ ծովային հետեւակի կորպուսի պահեստի գեներալ Ջեյմս Մատիսին կառաջադրի պաշտպանության նախարարի պաշտոնում: Այսպիսով, Մատիսը կդառնա Պենտագոնի 26-րդ ղեկավարը, հայտնում է Bloomberg-ը:
Այս մասին Թրամփը հայտարարել է Ցինցինաթիում իր կողմնակիցների առջեւ ելույթ ունենալիս: Թրամփը Մատիսին անվանել է «մեծագույն գեներալներից մեկը» եւ նրան դիմել «Կատաղի շուն» մականունով: Այս մասին պաշտոնապես կհայտարարվի երկուշաբթի՝ դեկտեմբերի 5-ին:
66-ամյա Մատիսը պահեստում է 2013 թվականից: ԱՄՆ նախագահ բարաք Օբամայի օրոք Մատիսը որոշ ժամանակ ղեկավարել է Իրաքում եւ Աֆղանստանում գործողությունների պատասխանատու Զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը: Նա ծովային հետեւակում ծառայել է 41 տարի: Ամերիկյան լրատվամիջոցները նրան համարում են Իրանի հարցում ավելի կոշտ դիրքորոշման կողմնակից:
Ըստ դաշնային օրենքի՝ Պենտագոնի ղեկավարը նշանակումից առաջ 7 տարի չպետք է լինի գործող ծառայության մեջ: Քանի որ այս ժամկետը Մատիսի դեպքում չի լրացել, նա պետք է ստանա Կոնգրեսի հավանությունը: Կոնգրեսը նման բացառություն է կատարել միայն մեկ անգամ՝ 1950 թվականին Ջորջ Մարշալին նշանակելիս:





























