Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը եւ թուրք կիպրացիների առաջնորդ Մուստաֆա Աքընջին պայմանավորվել են հունվարի 9-ին հանդիպել Ժնեւում՝ Կիպրոսի հարցով բանակցությունները վերականգնելու համար: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էսպեն Բարտ Էյդեն:

Հայտարարության մեջ նշված է, որ քաղաքական գործիչները կահնդիպեն Ժնեւում՝ 2017-ի հունվարի 9-ին, իսկ 2 օր հետո կներկայացնեն իրենց «ճանապարհային քարտեզի» նախագծերը: Հունվարի 12-ից կսկսվի Կիպրոսի հարցով համաժողովի նախապատրաստումը, որին կմասնակցեն երաշխավոր տերությունները եւ այլ շահագրգիռ կողմերը, որոնց կհրավիրեն անհրաժեշտության դեպքում:

Անաստասիադիսը լրագրողներին ասել է, որ բանակցությունները անմիջապես կվերականգնվեն եւ ինտենսիվորեն կընթանան բոլոր բաժիններով:

Սա Անաստասիադիսի եւ Աքընջիի առաջին հանդիպումն է Մեն Պելերինում բանակցությունների ձախողումից հետո: