ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների Նախարարությունն առաջարկում է մեքենաների տեխնիկական զննությունն անցկացնել առանց կտրոնների:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ օրեր առաջ տեղի է ունեցել ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հրամանով տրանսպորտի բնագավառում իրականացվող օրենսդրական բարեփոխումների շրջանակում մշակվող օրենսդրական ակտերի, նախագծերի վերաբերյալ հասարակական կազմակերպությունների եւ մասնավոր հատվածի դիրքորոշումն ստանալու, քննարկելու եւ դրանք նախարարին ներկայացնելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը գումարել է առաջին նիստը։
Քննարկվել է տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության իրականացման կարգը:
Այս առնչությամբ, աշխատանքային խումբն առաջարկում է.
1) Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննումն իրականացնել առանց տեխնիկական զննման կտրոնների տրամադրման:
2) Տեխնիկական զննության հաշվառումն իրականացնել միասնական էլեկտրոնային բազայի միջոցով, որտեղ կարտացոլվեն տեխնիկական զննում անցած բոլոր տրանսպորտային միջոցները, իսկ հավաքագրված տեղեկատվությունը էլեկտրոնային եղանակով կտրամադրվի ՀՀ ճանապարհային ոստիկանությանը:
Աշխատանքային խմբի քննարկումների տիրույթից դուրս չմնաց եւս մեկ կարեւորագույն հարց, որի մասին պարբերաբար անհանգստություն են հայտնում թե՛ ԶԼՄ-ները եւ թե՛ որոշ հասարակական կազմակերպություններ: Խոսքը սոսկ ձեւականորեն տեխնիկական զննություն անցկացնելու գործունեության մասին է, ճանապարհային երթեւեկության մասնակիցների անվտանգության համար դրանից բխող բոլոր հետեւանքներով: Այս երեւույթը կանխելու նպատակով աշխատանքային խումբը առաջարկում է սահմանել վարչական պատասխանատվություն ձեւական տեխնիկական զննություն իրականացնող կազմակերպությունների նկատմամբ:




























