Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասությա դատարանում այսօր` դեկտեմբերի 2-ին, ամբաստանյալներ Հայկ Հովհաննիսյանը, Արման Մխիթարյանը, Նարեկ Սարգսյանը եւ Ալբերտ Ավագյանն ընդունեցին իրենց առաջադրված մեղադրանքը, նշեցին, որ մեղավոր են ճանաչում իրենց առաջադրված մեղադրանքում եւ զղջում են իրենց կատարած արարքի համար:

Ամբաստանյալների շահերի պաշտպանները դատաքննությունն արագացված կարգով իրականացնելու միջնորդությամբ հանդես եկան:

Քրեական գործով տուժողների ներկայացուցիչները չառարկեցին պաշտպանների ներկայացրած միջնորդությանը:

Դատախազը պաշտպանների ներկայացրած միջնորդության վերաբերյալ իր կածիքն արտահայտելու համար դատարանից 10 օր ժամանակ խնդրեց:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա դեկտեմբերի 16-ին:

Ըստ մեղադրանքի՝  Հայկ Հովհաննիսյանը, Արման Մխիթարյանը, Նարեկ Սարգսյանը եւ Ալբերտ Ավագյանը  2016թ. հուլիսի 20-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած, բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ձեռքերով, ոտքերով եւ մահակով հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին:

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: